Circulation. Էվոլոկումաբը երկարացրել է ինֆարկտի ռիսկի խմբում գտնվող պացիենտների կյանքը

08:38   5 սեպտեմբերի, 2026

Գիտնականները պարզել են, որ «վատ» խոլեստերինը նվազեցնող էվոլոկումաբ դեղամիջոցը ոչ միայն պաշտպանում է բարձր ռիսկի խմբի պացիենտներին ինֆարկտից և ինսուլտից, այլև երկարացնում է նրանց կյանքը, նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում սրտանոթային աղետներ չեն եղել: Աշխատությունը հրապարակվել է Circulation ամսագրում:

Ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների պատերին՝ առաջացնելով թիթեղիկներ (բլյաշկաներ), և մնում է ինֆարկտների ու ինսուլտների գլխավոր գործոններից մեկը: Այն նվազեցնում են նախևառաջ ստատիններով, սակայն պացիենտների մի մասի մոտ ՑԽԼ մակարդակը մնում է բարձր նույնիսկ օպտիմալ թերապիայի դեպքում: Նման դեպքերի համար ստեղծվել են նոր դասի դեղամիջոցներ՝ PCSK9 ինհիբիտորներ, որոնց թվին է պատկանում նաև էվոլոկումաբը:

Mass General Brigham սրտի և անոթների ինստիտուտի հետազոտողները՝ Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Ջուլիանոյի գլխավորությամբ, վերլուծել են VESALIUS-CV կլինիկական փորձարկման 12,257 մասնակիցների տվյալները: Բոլորն ունեցել են աթերոսկլերոզ կամ բարձր ռիսկի շաքարային դիաբետ և բարձր խոլեստերին՝ չնայած բուժմանը: Նրանք պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի՝ նրանց, ովքեր լրացուցիչ ստացել են էվոլոկումաբ, և նրանց, ովքեր ստացել են պլացեբո, իսկ այնուհետև գտնվել են հսկողության տակ միջինում 4,6 տարի: Մասնակիցների միջին տարիքը 66 էր:

Պարզվել է, որ էվոլոկումաբի խմբում ընդհանուր մահացությունը եղել է 20%-ով ցածր: Հաշվարկային հնգամյա մահացությունը կազմել է 7,9%՝ պլացեբո ընդունողների 9,7%-ի դիմաց, իսկ տարբերությունը սկսել է նկատվել թերապիայի մեկնարկից մոտ մեկուկես տարի անց: Ընդ որում, նվազել է ինչպես սրտանոթային հիվանդություններից, այնպես էլ այլ պատճառներից առաջացած մահացությունը:

Ազդեցությունը կայուն է եղել պացիենտների տարբեր խմբերում՝ անկախ տարիքից, սեռից, տարածաշրջանից և խոլեստերինի ելակետային մակարդակից: Հեղինակները նշում են, որ ՑԽԼ-ի ինտենսիվ նվազեցումը բարելավում է ապրելիությունը նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ինֆարկտ կամ ինսուլտ չեն ունեցել: Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ վերլուծությունը կրում է նախնական բնույթ և վերջնականապես չի ապացուցում, որ պատճառը հենց դեղամիջոցն է:



© NEWS.am Medicine