20:53 5 սեպտեմբերի, 2026
Գիտնականները պարզել են, որ ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելուց առաջ բուսական յուղով տերևավոր բանջարեղենի փոքր չափաբաժինը կարող է մեղմել արյան մեջ շաքարի և ինսուլինի հետագա թռիչքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են npj Science of Food ամսագրում:
Փորձին մասնակցել են նորմալ քաշ ունեցող 22 առողջ տղամարդիկ: Մասնակիցներին կարտոֆիլի պյուրե են տվել տարբեր տեսակի «նախաբեռնումներից» հետո՝ միայն յուղ, միայն սպանախ, սպանախ՝ հլածուկի (ռապսի) յուղով, ինչպես նաև առանց նախնական սննդի: Տարբերակներից մեկում բանջարեղենը և կարտոֆիլն օգտագործվել են միաժամանակ:
Գլյուկոզայի և ինսուլինի մակարդակի առավել կայուն արձագանք նկատվել է այն դեպքում, երբ կարտոֆիլից առաջ մասնակիցները կերել են սպանախ՝ յուղով կամ միայն յուղ: Հետազոտողները պարզել են, որ յուղը բարձրացրել է GLP-1 հորմոնի մակարդակը, որը մասնակցում է շաքարի և մարսողության կարգավորմանը, ինչպես նաև դանդաղեցրել է ստամոքսի դատարկումը:
Հիմնական փորձի ընթացքում գիտնականները յուղով բանջարեղենի և ածխաջրային սննդի միջև օպտիմալ ընդմիջում են համարել 10 րոպեն: Նախնական հետազոտությունը ցույց է տվել արդյունավետություն 5-ից մինչև 20 րոպե ընդմիջումների դեպքում:
Ընդ որում, մասնակիցները չեն հայտնել հագեցվածության զգացողության նկատելի աճի մասին, իսկ փորձից հետո նրանց կերած սննդի քանակը էապես չի տարբերվել:
Գիտնականներն ընդգծում են, որ հետազոտությունը եղել է փոքրածավալ և անցկացվել է միայն չինական ծագում ունեցող առողջ տղամարդկանց շրջանում: Յուղի օպտիմալ քանակը որոշելու և դիաբետ, ճարպակալում ու նյութափոխանակության այլ առանձնահատկություններ ունեցող մարդկանց մոտ ազդեցությունը ստուգելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: