19:29 7 սեպտեմբերի, 2026
CDK2 բջջային բաժանման սպիտակուցի վրա ներազդումը կարող է բարձրացնել իմունաթերապիայի արդյունավետությունը միանգամից քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում: Նման եզրակացության են եկել Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի գիտնականները: Փորձերի ընթացքում CDK2 ինհիբիտորի և իմունային հսկիչ կետերն արգելափակող դեղամիջոցի համակցումը որոշ մկների մոտ ամբողջությամբ ոչնչացրել է ուռուցքները: Արդյունքները հրապարակվել են Molecular Cell ամսագրում:
CDK2-ն մասնակցում է բջիջների բաժանմանը և ակտիվանում է ցիկլին E սպիտակուցի միջոցով: Այժմ CDK2 ինհիբիտորները կլինիկական փորձարկումներ են անցնում հիմնականում ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, որոնց աճը կախված է այս սպիտակուցի ակտիվությունից:
Սակայն հետազոտողները CDK2-ի մոտ մեկ այլ ֆունկցիա են հայտնաբերել: Երբ ուռուցքային բջիջներում ցիկլին E–CDK2-ն չափազանց ակտիվացված է, այն փոխում է BRD4 սպիտակուցի աշխատանքը, ինչը նվազեցնում է իմունային պատասխանի հետ կապված գեների ակտիվությունը: Արդյունքում ուռուցքները դառնում են պակաս նկատելի իմունային համակարգի համար և ավելի կայուն՝ հսկիչ կետերի ինհիբիտորների նկատմամբ:
Կոլորեկտալ քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի մոդելների վրա կատարված փորձերում CDK2-ի արգելափակումը՝ ինչպես գենետիկորեն, այնպես էլ տեգտոցիկլիբ դեղամիջոցի օգնությամբ, զգալիորեն բարձրացրել է իմունաթերապիայի արդյունավետությունը:
«Հատկապես կարևոր էր արդյունքը կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի դեպքում, որը չէր արձագանքում իմունային հսկիչ կետերի արգելափակմանը: Այն կենդանիների մոտ, որոնք արձագանքել են համակցված բուժմանը, ուռուցքներն ամբողջությամբ անհետացել են», – պատմել են գիտնականները:
Պարզվել է, որ CDK2-ի ընկճումը (ինհիբացումը) ազդում է ոչ միայն ուռուցքային բջիջների վրա: Այն ավելացնում է ուռուցքի մեջ դենդրիտային բջիջների քանակը և ուժեղացնում դրանց՝ ուռուցքային անտիգենները որսալու և Т-բջիջներին ներկայացնելու ունակությունը: Այսպիսով, դեղամիջոցը միաժամանակ քաղցկեղային բջիջները դարձնում է ավելի խոցելի իմունային համակարգի համար և ուժեղացնում է ուռուցքը ճանաչելու համակարգի կարողությունը:
Քաղցկեղի գենոմի ատլասի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ցիկլին E-CDK2-ի հիպերակտիվացումը կապված է քաղցկեղի շատ տեսակների դեպքում իմունային գեների ճնշման հետ, ներառյալ թոքերի, լյարդի, միզապարկի, ձվարանների և աղիքների քաղցկեղը, մելանոման և լիմֆոման: Հետագայում հետազոտողները ծրագրում են ստուգել այս մոտեցումը կլինիկական փորձարկումներում: