17:24 8 սեպտեմբերի, 2026CADD522 մոլեկուլն սկզբնապես մշակվել է որպես հակաքաղցկեղային միջոց և պաշտպանել է մկներին դաշտանադադարի ընթացքում ոսկրային հյուսվածքի քայքայումից և կանխել ավելորդ ճարպի կուտակումը։ Նման եզրահանգման են եկել Արևելյան Անգլիայի և Մերիլենդի համալսարանների գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Պրեպարատի ազդեցությունը փորձարկել են ձվարանները հեռացված էգ մկների վրա․ սա դաշտանադադարի ստանդարտ մոդել է, որի դեպքում կմախքն արագորեն կորցնում է խտությունը։ Ութ շաբաթ շարունակ կրծողները շաբաթական երեք անգամ ստացել են CADD522՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամին 25 մգ դոզայով։ Ոլոքի տոմոգրաֆիան ցույց է տվել, որ կենդանիների մոտ ավելացել է ոսկրային հյուսվածքի ծավալը, իսկ արյան մեջ բարձրացել է նոր ոսկրի ձևավորումն արտացոլող մարկերի մակարդակը։ Ընդ որում, ոսկրերի քայքայման մարկերը մնացել է անփոփոխ․ դեղամիջոցն արագացրել է ոսկրագոյացումը՝ չխաթարելով հյուսվածքների բնականոն թարմացման ընթացքը։
Զուգահեռաբար նյութը դրական է ազդել նաև նյութափոխանակության վրա․ բուժում ստացող մկների մոտ նվազել է քաշը, փոքրացել են ենթամաշկային և ոսկրածուծի ճարպային կուտակումները՝ առանց ախորժակի կորստի։ Կրծողների ուղեղի լիպիդային պրոֆիլը մոտեցել է առողջ կենդանիների ցուցանիշներին, ինչը հետազոտողները գնահատել են որպես դաշտանադադարին բնորոշ մետաբոլիկ խանգարումների մասնակի վերականգնում։
Մկների, առնետների և շների վրա անցկացված փորձարկումները հաստատել են, որ դեղամիջոցը հնարավոր է ընդունել հաբերի տեսքով․ կենսամատչելիությունն առնետների մոտ կազմել է շուրջ 52%, իսկ շների մոտ՝ 67%: Հիմնական թերությունն օրգանիզմից արագ արտամղումն է, սակայն մարդու լյարդի ֆերմենտներն այս միացությունը քայքայում են ավելի դանդաղ, քան կրծողներինը։
Օստեոպորոզով տառապում է 50-ն անց յուրաքանչյուր երրորդ կինը և հինգերորդ տղամարդը, իսկ գոյություն ունեցող բուժման մեթոդներն ունեն լուրջ սահմանափակումներ՝ կողմնակի ազդեցություններից մինչև ամենօրյա ներարկումների անհրաժեշտություն և սրտանոթային ռիսկեր։ Հեղինակներն ընդգծում են, որ թեև արդյունքներն առայժմ ստացվել են մկների մոդելի վրա, արդեն իսկ քննարկվում է թերապիան մարդկանց վրա փորձարկելու հարցը։