Հետազոտողներն ուսումնասիրել են ուղեղի ակտիվության վրա ղեգնյա փսիթների ազդեցությունը․ Nature

14:44   9 սեպտեմբերի, 2026

Ճապոնիայի Կյուսյու համալսարանի հետազոտողները պարզել են, որ ճապոնական իգուսա եղեգից պատրաստված փսիթներին նստելը կարող է նպաստել ուշադրության կենտրոնացմանն ու լարվածության թուլացմանը։ Փորձի ընթացքում մասնակիցները կատարել են ուշադրություն պահանջող առաջադրանքներ, որոնց ընթացքում գիտնականները գրանցել են նրանց ուղեղի ակտիվությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Իգուսան այն բույսն է, որն անհիշելի ժամանակներից օգտագործվում է ճապոնական տներում փռվող հատակի ավանդական փսիթների՝ տատամիների պատրաստման համար։ Դրանց բնորոշ բույրը շատերի մոտ ասոցացվում է հանգստի ու հարմարավետության հետ, սակայն նյութի մարդու վրա ունեցած ազդեցության վերաբերյալ գիտական տվյալները քիչ էին։ Նոր հետազոտության հեղինակները որոշել են ստուգել՝ արդյոք իգուսան կարող է ազդել նաև մարդու կենտրոնանալու ունակության, այլ ոչ միայն տրամադրության վրա։
Հետազոտությանը մասնակցել է 17 կամավոր, որոնց միջին տարիքը 21.5 էր։ Նրանք հերթականությամբ նստել են իգուսայից պատրաստված և սովորական՝ անհոտ պոլիպրոպիլենային փսիթներին։ Երկու դեպքում էլ մասնակիցները կատարել են պարզ առաջադրանքներ, իսկ մասնագետները գրանցել են նրանց էլեկտրոէնցեֆալոգրաման (ԷԷԳ), որը թույլ է տալիս չափել ուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Դրանից հետո մասնակիցները պատասխանել են իրենց ինքնազգացողության վերաբերյալ հարցերին։

Երբ մասնակիցները աշխատել են իգուսայից պատրաստված փսիթներին նստած, ուղեղի որոշ հատվածներում նկատվել է բետա-ալիքների ակտիվության աճ։ Նման փոփոխությունները կարող են վկայել աշխատանքում ավելի մեծ ներգրավվածության և բարձր կենտրոնացվածության մասին։ Բացի այդ, գիտնականները գամմա-ալիքների ակտիվության փոփոխություններ են արձանագրել հանգստի վիճակից առաջադրանքի կատարմանն անցնելիս։ Հեղինակների կարծիքով՝ սա կարող է փաստել ծանրաբեռնվածության նկատմամբ ուղեղի ավելի արդյունավետ արձագանքի մասին։

Փորձից հետո անցկացված հարցումները նույնպես ցույց են տվել, որ իգուսայից փսիթներից օգտվելուց հետո կամավորներն իրենց ավելի քիչ լարված ու անհանգիստ են զգացել։ Ընդ որում՝ տրամադրության այլ ցուցանիշների էական փոփոխություններ չեն գրանցվել։ Հետազոտողները շեշտում են, որ ստացված արդյունքները վկայում են միայն նյութի դրական կարճաժամկետ ազդեցության մասին, և այս փսիթները չեն հավակնում բուժելու տագնապային խանգարումները կամ հիշողության հետ կապված խնդիրները։

Գյուղատնտեսական ֆակուլտետի դոցենտ Կունիյոշի Սիմիձուի խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է փորձի կրկնությունը մասնակիցների ավելի բազմազան խմբի հետ, ինչպես նաև նյութի երկարաժամկետ ազդեցության ուսումնասիրությունը։ Հեղինակները հույս ունեն, որ գիտական տվյալները կօգնեն ավանդական այս հումքի համար նոր կիրառություններ գտնել ժամանակակից բնակելի տարածքներում։


© NEWS.am Medicine