12:25 11 սեպտեմբերի, 2026Բանգալորի մոտ գտնվող հետազոտական կենտրոնում 15 շներ վարժեցվում են մարդու արտաշնչած շնչառության նմուշներում օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված հոտերը ճանաչելու համար։
Շներին հագցված են հատուկ սաղավարտներ և ամրագոտիներ՝ սենսորներով, որոնք գրանցում են նրանց շնչառությունը, ուղեղի ակտիվությունը և շարժումները հոտոտելիս։ Այնուհետև արհեստական բանականությունը վերլուծում է այդ տվյալները՝ բացահայտելով կենդանիների արձագանքների օրինաչափությունները։
Dognosis-ի տվյալներով՝ վեց հիվանդանոցներում ավելի քան 1 500 մարդու մասնակցությամբ վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել քաղցկեղի յոթ տեսակների հայտնաբերման ավելի քան 90 տոկոս ճշգրտություն։ Սակայն սրանք ընկերության սեփական տվյալներն են և դեռևս թույլ չեն տալիս, որ տեխնոլոգիան համարվի քաղցկեղի ախտորոշման հուսալի մեթոդ։
Անկախ ուռուցքաբանները նշել են, որ արդյունքները խրախուսական են, բայց դրանք պետք է հաստատվեն շատ ավելի մեծ հետազոտություններով, նշել է Euronews-ը։ «Հետազոտությունը խոստումնալից է, բայց միայն որպես վաղ նախազգուշացման նշան», - ասել է ուռուցքաբան Սանտոշ Կումար Դևադասը։ «Մենք այժմ պետք է ուսումնասիրություն անցկացնենք շատ ավելի մեծ ընտրանքում՝ նախքան որևէ վերջնական եզրակացություն անելը»։
Հնարավոր կիրառումը հատկապես կարևոր է Հնդկաստանի համար, որտեղ քաղցկեղի շատ դեպքեր ախտորոշվում են հիվանդության ուշ փուլերում։
Գործողությունը պարզ է. պացիենտները մոտ 10 րոպե շնչում են բամբակյա դիմակի մեջ։ Այնուհետև նմուշը կնքվում և ուղարկվում է լաբորատորիա՝ առանց պացիենտի և շների միջև որևէ շփման։
Dognosis-ը հուսով է, որ այս մեթոդը ի վերջո կարող է օգտագործվել որպես սքրինինի առաջին փուլ՝ ստանդարտ բժշկական զննումների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերելու համար։
Ընկերությունը նշել է, որ նախատեսում է հետագա փորձարկումներ՝ հնարավոր կոմերցիոն հավանությանը հասնելուն զուգընթաց։
Առայժմ հետազոտողներ ընդգծում են, որ անհրաժեշտ են ավելի մեծ, անկախ հետազոտություններ՝ որոշելու համար, թե արդյոք շները և արհեստական բանականությունը կարող են հուսալիորեն հայտնաբերել քաղցկեղն իրական պայմաններում։