14:30 12 սեպտեմբերի, 2026Ընդամենը մի քանի տարի առաջ թվում էր, թե շատ վարակիչ հիվանդությունները տարածման հստակ աշխարհագրություն ունեն․ դրանք հատուկ էին հիմնականում որոշակի երկրների կամ տարածաշրջանների և դրանց սահմաններից դուրս գրեթե չէին հանդիպում։ Սակայն վերջին տարիներին պատկերը փոխվում է։ Այն վարակները, որոնք նախկինում հեռավոր էին թվում և կապ չունեին այլ երկրների բնակիչների առօրյայի հետ, կամաց-կամաց սկսում են հայտնվել նոր վայրերում։ Այս միտումն արդիական է դառնում նաև Հայաստանի համար։
Թե ինչու են հիվանդություններն սկսում հատել ծանոթ աշխարհագրական սահմանները, որքանով է վտանգավոր դրանց տարածումը Հայաստանում, և ինչի կարող է հանգեցնել համաճարակային իրավիճակի փոփոխությունը, «Բա իմացա՞ր» հաղորդման եթերում պարզաբանել է բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը։
Գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված հարցազրույցների շարքի գործընկերն է «Team Telecom Armenia»-ն։
Ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ դեռ վերջերս բժշկության մեջ լայնորեն կիրառվում էր «էկզոտիկ հիվանդություններ» եզրույթը. այդպես էին անվանում այն վարակները, որոնք բնորոշ էին կոնկրետ տարածաշրջանի և այլ երկրներում հանդիպում էին խիստ հազվադեպ, կամ ընդհանրապես չէին հանդիպում: Այսօր, նրա խոսքով, այդ սահմանը գրեթե վերացել է: Որպես գլխավոր գործոններից մեկը մասնագետը նշում է գլոբալացումը՝ միգրացիայի և միջազգային ուղևորությունների աշխուժացումը: Մարդիկ սկսել են շատ ավելի հաճախ ճամփորդել երկրից երկիր, և վարակիչ հիվանդությունները, որոնք առաջ բնորոշ էին միայն որոշակի տարածաշրջանների, այժմ կարծես էլ սահմաններ չեն ճանաչում:
Երկրորդ կարևորագույն գործոնը գլոբալ տաքացումն ու կլիմայի փոփոխությունն է: Ջերմաստիճանի բարձրացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում վարակ փոխանցողների՝ նախևառաջ մոծակների և այլ միջատների տարածման համար: «Եթե նախկինում վարակակիր մոծակը կամ մլակը բնորոշ էր ու բազմանում էր հիմնականում արևադարձային կամ մերձարևադարձային երկրներում, ապա այսօր այն հարմար պայմաններ է գտնում նաև այլ տարածքներում, որտեղ ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է դրա բազմացմանը», - բացատրում է Տեր-Ստեփանյանը:
Կան նաև լրացուցիչ գործոններ, մասնավորապես՝ տարբեր միկրոօրգանիզմների էվոլյուցիան և որոշ բակտերիաների համար ավելի նպաստավոր պայմանների ձևավորումը: Այնուամենայնիվ, որպես հիմնական պատճառ փորձագետն առանձնացնում է հենց գլոբալացումն ու կլիմայի փոփոխությունը։ Այս գործոններն աստիճանաբար վերացնում են վարակիչ հիվանդությունների աշխարհագրական սահմանները:
Հայաստանում արդեն կան մի շարք վարակներ փոխանցելու ունակ միջատներ: Ըստ Տեր-Ստեփանյանի՝ դեռ մի քանի տարի առաջ մեր երկրում արված հետազոտությունները ցույց են տվել Culex pipiens տեսակի մոծակի առկայությունը, որը համարվում է Արևմտյան Նեղոսի վիրուսը փոխանցողը: Ավելին, մոծակների այս տեսակը էնդեմիկ է, այսինքն՝ բնորոշ է Հայաստանի տարածքին: Ընդ որում, ինչպես նկատում է մասնագետը, երկար ժամանակ երկրում կա՛մ բուն վիրուսը չի եղել, կա՛մ էլ բացակայել են ախտորոշման այնպիսի մեթոդներ, որոնք թույլ կտային հայտնաբերել հիվանդությունը:
Արևմտյան Նեղոսի տենդի առանձնահատկությունն այն է, որ դեպքերի մեծ մասում վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների: Եթե պացիենտի մոտ չեն զարգանում ծանր կլինիկական դրսևորումներ (օրինակ՝ մենինգիտ կամ սեպսիս), հիվանդությունը կարող է մնալ չախտորոշված կամ անցնել թեթև ձևով՝ փաստացի դուրս մնալով բժիշկների տեսադաշտից:
Միևնույն ժամանակ, այս տենդի տարածման մեխանիզմը տարբերվում է որոշ այլ վարակներից: Սա դասական զոոնոզ վարակ է. այսինքն՝ վարակի աղբյուր են հանդիսանում թռչունները: Որոշակի տեսակի մոծակը, խայթելով վարակված թռչնին, ստանում է հարուցիչը։ Այն մոծակի օրգանիզմում զարգացման որոշակի փուլ է անցնում, ինչից հետո միայն կարող է փոխանցվել մարդուն: Արևմտյան Նեղոսի տենդի՝ մարդուց մարդուն փոխանցման դեպքեր չեն արձանագրվում:
Ինչ վերաբերում է դենգեի տենդին, ապա այստեղ տարածման մեխանիզմն այլ է. այն անթրոպոնոզ վարակ է, այսինքն՝ վարակի աղբյուրը մարդն է: Սակայն դենգեի հարուցիչը փոխանցող համապատասխան տեսակի մոծակը էնդեմիկ չէ Հայաստանի համար:
Տեր-Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանում դենգեի տենդի կլինիկական դեպք եղել է, թեև այն լաբորատոր հաստատում չի ստացել: Այնուամենայնիվ, վերլուծելով իրավիճակը՝ բժիշկները հակված են կարծելու, որ ամենայն հավանականությամբ գործ են ունեցել հենց դենգեի հետ:
Դեպքը վերաբերել է մի կնոջ, որը գտնվելիս է եղել Բալիում, որտեղ նրան մոծակ է խայթել: Հայաստան վերադառնալուց հետո նրա մոտ ի հայտ են եկել դենգեին բնորոշ ախտանիշներ: Հայ ինֆեկցիոնիստները համապատասխան բուժում են նշանակել, որն, ըստ մասնագետի, արդյունավետ է եղել:
Ակտիվ միջազգային ուղևորությունների ֆոնին գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում «թրևել-բժշկությունը» կամ ճամփորդական բժշկությունը: Ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ այս ուղղությունն այսօր աշխարհում բուռն զարգացում է ապրում. այն միտված է կանխարգելելու այն հիվանդությունները, որոնց մարդը կարող է բախվել այլ երկիր մեկնելիս:
Հայաստանում գործում է պատվաստումների ազգային ծրագիր, սակայն դրանից զատ ճամփորդողներին կարող են խորհուրդ տրվել նաև լրացուցիչ պատվաստումներ՝ կախված մեկնման երկրից և այնտեղ առկա համաճարակային ռիսկերից:
Օրինակ՝ ասիական երկրներ մեկնողներին մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Ա հեպատիտի և որովայնային տիֆի դեմ պատվաստումներին: Աֆրիկյան երկրներ մեկնելիս առանձնահատուկ կարևորվում է դեղին տենդի դեմ պատվաստումը: Կախված ուղղությունից՝ կարող է պահանջվել նաև ճապոնական էնցեֆալիտի դեմ պատվաստում:
Տեր-Ստեփանյանը մատնանշում է նաև տզային էնցեֆալիտը. դրա դեմ պատվաստանյութը կարող է ցուցված լինել նրանց, ովքեր մեկնում են առավել հյուսիսային երկրներ: Որպես օրինակ նա բերում է սկանդինավյան պետությունները։ Այս երկրներում տվյալ հիվանդությունը շատ է հանդիպում, ուստի պատվաստումը կարող է խիստ պահանջված լինել: Միևնույն ժամանակ, մասնագետն ընդգծում է, որ բոլոր ճամփորդների համար պատվաստումների միասնական ու ունիվերսալ ցանկ գոյություն չունի: Անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները որոշվում են անհատապես՝ հաշվի առնելով կոնկրետ երկիրը, երթուղին և դրա հետ կապված վարակների ռիսկերը:
Պատվաստանյութերը հասանելի են Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Տեր-Ստեփանյանի խոսքով՝ այնտեղ կարելի է ստանալ նաև անհրաժեշտ խորհրդատվություն և, ցուցումների դեպքում, կազմակերպել պատվաստումը: Մասնագետը հստակ արժեքը նշել չկարողացավ, սակայն հավելեց, որ խոսքն «աստղաբաշխական» գումարների մասին չէ:
Այսպիսով, ճամփորդությունից առաջ կարևոր է չբավարարվել միայն պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ստանդարտ պատվաստումներով, այլ նախապես գնահատել ընտրված ուղղության հետ կապված լրացուցիչ ռիսկերը: Սա հնարավորություն կտա պարզել լրացուցիչ պատվաստման կամ կանխարգելման այլ միջոցառումների անհրաժեշտությունը և պատշաճ նախապատրաստվել ուղևորությանը դեռ մեկնելուց առաջ: