08:41 14 սեպտեմբերի, 2026Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի տենդով վարակվածների թիվն անցել է 7 հազարից, ինչն ընթացիկ բռնկումը դարձնում է երկրի պատմության մեջ ամենախոշորը, հայտնում է AFP-ն։
Պաշտոնական տվյալներով՝ համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 7022 դեպք, 3398 մարդ մահացել է, իսկ 1671-ը՝ ապաքինվել։
Այնուամենայնիվ, ԿԴՀ կառավարությունը կարծում է, որ վիրուսի տարածումը, հնարավոր է, արդեն հասել է իր գագաթնակետին։ Կառավարության ներկայացուցիչ Պատրիկ Մուայայի խոսքով՝ նոր դեպքերի առավելագույն ցուցանիշը արձանագրվել է օգոստոսի երրորդ շաբաթվա սկզբին, իսկ այժմ վարակի տարածման հիմնական ցուցանիշները նվազում են։
Իշխանությունների փոխանցմամբ՝ համաճարակից տուժած 61 առողջապահական գոտիներից 10-ում առնվազն 21 օր նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Այդուհանդերձ, այս շաբաթ վարակում է հաստատվել Հարավային Ուբանգի նահանգում, որը սահմանակից է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանն ու Կոնգոյի Հանրապետությանը։ Այսպիսով, վիրուսն արդեն ընդգրկել է յոթ նահանգ։
Ընթացիկ բռնկումը պաշտոնապես ախտորոշվել էր մայիսի կեսերին՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Իտուրի նահանգում։ Այնուհետև հիվանդությունը տարածվեց ԿԴՀ արևելյան և հյուսիսային հեռավոր շրջաններում, որտեղ տասնամյակներ շարունակ գործում են զինված խմբավորումներ, պետական կառույցների ներկայությունն թույլ է, իսկ բժշկական ենթակառուցվածքները՝ թերի զարգացած։
Գրանցված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Իտուրիին։ Վերջին օրերին՝ ամառային արձակուրդներից հետո երեխաների դպրոց վերադառնալուն զուգահեռ, Էբոլա է ախտորոշվել նահանգի մի շարք դպրոցներում, ինչը տագնապ է առաջացրել ծնողների և բուժաշխատողների շրջանում։
Ուսումնական հաստատություններում խստացվել են սանիտարական միջոցառումները․ աշակերտներին պարտադրել են պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով, իսկ դասարաններում աշակերտների թիվը սահմանափակել են 30-ով։ Դպրոցականներին կոչ է արվում նաև խուսափել ֆիզիկական շփումներից։
Էբոլան փոխանցվում է վարակված մարդու կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով և կարող է հանգեցնել ծանր ներքին ու արտաքին արյունահոսությունների, ինչպես նաև օրգանների ֆունկցիոնալ աշխատանքի դադարեցման։ Վերջին 50 տարում այս վարակն Աֆրիկայում ավելի քան 15 հազար մարդու կյանք է խլել։
Ներկայիս բռնկումն առաջացել է Բունդիբուգիո շտամից։ Այս շտամով պայմանավորված վարակի բուժման համար հաստատված պատվաստանյութ կամ դեղամիջոց դեռևս չկա. մի քանի պատվաստանյութեր և բուժման մեթոդներ ներկայումս գտնվում են փորձարկման փուլում։