10:39 14 սեպտեմբերի, 2026Գիտնականները գտել են այն պաշտպանիչ թաղանթը ճեղքելու եղանակը, որը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն առանձնահատուկ կայուն է դարձնում բուժման նկատմամբ։ Ընդամենը մեկ ռեցեպտոր-սպիտակուցի արգելափակումը քայքայում է ուռուցքի շուրջ ձևավորված բորբոքային ցանցը, նվազեցնում իմունիտետը ճնշող բջիջների քանակն ու ուժեղացնում իմունային T-բջիջների գրոհը։ Հետազոտությունը հրապարակվել է JCI Insight ամսագրում։
Աշխատանքն իրականացրել են Մայամիի համալսարանի Sylvester քաղցկեղի կենտրոնի մասնագետները։ Թիրախ է ընտրվել IL1RAP ռեցեպտորը՝ այն ընդհանուր «օժանդակ» հանգույցը, որի միջոցով իրենց ազդանշաններն են փոխանցում բազմաթիվ բորբոքային մոլեկուլներ։ Ենթաստամոքսային գեղձի ուռուցքն իրեն շրջապատում է խիտ բորբոքային և սպիական հյուսվածքով, ինչը խոչընդոտում է դեղամիջոցների ու իմունային համակարգի դեպի քաղցկեղային բջիջներ թափանցմանը։
Լաբորատոր փորձարկումներում արգելափակելով IL1RAP-ը՝ գիտնականներին հաջողվել է կոտրել ազդանշանների այդ «փակ շղթան». նվազել է իմունասուպրեսիվ բջիջների քանակը, կրճատվել է ֆիբրոզը, իսկ T-բջիջների ակտիվությունը, ընդհակառակը, աճել է։ Ըստ էության, ուռուցքին զրկել են իր պաշտպանության մի մասից՝ այն ավելի խոցելի դարձնելով իմունային համակարգի համար։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ամենամահաբեր հիվանդություններից է. այն հաճախ ախտորոշվում է ուշ փուլերում և վատ է ենթարկվում բուժման։ Թեև արդյունքները դեռևս ստացվել են նախակլինիկական փուլում, հետազոտողներն արդեն ծրագրում են կլինիկական փորձարկում, որտեղ վիրահատելի ուռուցք ունեցող պացիենտների մոտ IL1RAP-ի դեմ թերապիան կհամադրեն քիմիաիմունաթերապիայի հետ, նախքան վիրահատությունը։ Սա թույլ կտա տեսնել, թե ինչպես է փոխվում ուռուցքի կենսաբանությունը բուժման ազդեցության տակ։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը խլում է պացիենտների մեծ մասի կյանքը ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում, և վերջին տասնամյակներում արված կանխատեսումները գրեթե չեն բարելավվել։ Պատճառներից մեկը շարակցական հյուսվածքից և բորբոքային բջիջներից կազմված խիտ թաղանթն է, որն ուղղակիորեն թաքցնում է ուռուցքը իմունիտետից և թույլ չի տալիս քիմիապատրաստուկներին հասնել թիրախին։ Այդ իսկ պատճառով այս պաշտպանությունը քայքայող մոտեցումները համարվում են ուռուցքաբանության ամենահեռանկարային ուղղություններից մեկը։