16:42 14 սեպտեմբերի, 2026Շագանակագեղձի քաղցկեղ տարած տղամարդիկ կարող են նվազեցնել վաղահաս մահվան ռիսկը, եթե միսն ու կաթնամթերքը հաճախակի փոխարինեն ձիթայուղով, ընկուզեղենով, սերմերով և ավոկադոյով։ Նման եզրակացության են եկել Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները՝ վերլուծելով շուրջ 5 հազար պացիենտի տվյալները։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։
Հետազոտողները 30 տարվա ընթացքում (միջինում՝ մոտ 13 տարի) հետևել են տեղայնացված շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 4884 տղամարդու։ Այդ ընթացքում մահացել է 3040 մասնակից, ընդ որում՝ 803 մահվան դեպք կապված է եղել սիրտ-անոթային հիվանդությունների հետ։
Այն տղամարդկանց շրջանում, ովքեր կալորիաների մեծ մասը ստացել են կենդանական ծագման ճարպերից և հագեցած ճարպերի բարձր պարունակությամբ մթերքներից, ցանկացած պատճառով մահվան ռիսկը 24%-ով ավելի բարձր է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր քիչ են օգտագործել դրանք։ Ընդ որում, բարձր մահացությունը կապված է եղել ոչ այնքան բուն շագանակագեղձի քաղցկեղի, որքան սիրտ-անոթային հիվանդությունների և այլ պատճառների հետ։
Հատկապես նկատելի ազդեցություն է արձանագրվել կենդանական ճարպերը բուսականով փոխարինելու դեպքում։
«Եթե օրական կալորիաների 10%-ը կենդանական ճարպերից փոխարինվում էր բուսական ծագման ճարպերով, առաջիկա 10 տարիների ընթացքում մահվան ռիսկը 16%-ով ցածր էր լինում։ Հագեցած ճարպերից ստացվող կալորիաների 5%-ի փոխարինումը ձիթայուղի և ավոկադոյի յուղի մեջ պարունակվող ճարպերով կապված է եղել մահվան ռիսկի 20% նվազման հետ», — պարզաբանել են գիտնականները։
Հետազոտողները նշում են, որ արդյունքները ցույց են տալիս փոխկապակցվածությունը, սակայն չեն ապացուցում, որ հենց սննդակարգի փոփոխությունն է ուղղակիորեն երկարացնում կյանքը։ Հետազոտության ընթացքում առավել շատ կենդանական ճարպեր օգտագործած տղամարդիկ նաև ավելի հաճախ են ծխել, քիչ են շարժվել, ունեցել են ավելորդ քաշ և ավելի հաճախ են տառապել շաքարային դիաբետով։