Քաղցկեղի NGS հետազոտությունն արդեն հասանելի է Հայաստանում․ ԵրևանԼաբը ներկայացրեց նոր ծառայությունը

19:45   15 սեպտեմբերի, 2026

Քաղցկեղի մոլեկուլային-գենետիկական պատկերը ստանալու համար հայաստանցիներին  այլևս անհրաժեշտ չէ նմուշներն ուղարկել արտերկիր, մեծ գումարներ վճարել և ամիսներով սպասել պատասխանին․ այս կարեւոր ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանում՝ «ԵրևանԼաբ» լաբորատորիայում։

Երեւանլաբի մասնագետները տարբեր բուժկենտրոններից հրավիրված ուռուցքաբաններին ներկայացրեցին իրենց մոտ ներդրված հաջորդ սերնդի սեքվենավորման՝ NGS մեթոդով հետազոտությունները։

Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուռուցքի գենետիկական պրոֆիլը՝ հայտնաբերելով առկա փոփոխությունները։ Իսկ այդ տեղեկատվությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ յուրաքանչյուր պացիենտի անհատականացված բուժման ընտրության հարցում։

Եթե նախկինում ուռուցքի տեսակը որոշելիս հիմնականում ուսումնասիրում էին, թե որտեղ է այն տեղակայված և ինչ տեսք ունեն դրա բջիջները մանրադիտակի տակ, ապա այսօր այս մեթոդի շնորհիվ հնարավոր է նաև հասկանալ, թե ինչ է կատարվում ուռուցքի ներսում՝ գենետիկական մակարդակում։ NGS-ի միջոցով հնարավոր է միաժամանակ ուսումնասիրել տասնյակ և հարյուրավոր գեներ և հայտնաբերել այն փոփոխությունները, որոնք կարող են ազդել ուռուցքի զարգացման և բուժման նկատմամբ դրա արձագանքի վրա։



© NEWS.am Medicine