Եվրոպայում կատարակտի վիրահատություններն ավելի անվտանգ են դարձել․ բարդություններ ի հայտ են գալիս 1%-ից էլ պակաս հաճախականությամբ

10:27   16 սեպտեմբերի, 2026

2024 թվականին եվրոպական 12 երկրներում կատարվել և գրանցվել է կատարակտի հեռացման 363039 վիրահատություն։ Կատարակտի և ռեֆրակտիվ վիրաբուժության արդյունքների եվրոպական ռեգիստրի (EUREQUO) տվյալները ցույց են տվել, որ նման վիրահատությունների անվտանգությունն ու արդյունավետությունը շարունակում են աճել։ Վերջին զեկույցի արդյունքները ներկայացվել են Կատարակտալ և ռեֆրակտիվ վիրաբույժների եվրոպական ընկերության (ESCRS) 44-րդ կոնգրեսում, գրում է Medical Xpress-ը։

EUREQUO-ի ստեղծման պահից՝ 2007 թվականից ի վեր, ռեգիստրում կուտակվել են կատարակտի հեռացման գրեթե 5 միլիոն վիրահատության տվյալներ։ 2024 թվականին ամենատարածված մեթոդը եղել է ֆակոէմուլսիֆիկացիան՝ հետին խցիկի ներակնային ոսպնյակի տեղադրմամբ, որին բաժին է ընկել բոլոր միջամտությունների 98,9%-ը։ Այս ընթացակարգի ժամանակ վիրաբույժը փոքր կտրվածքով աչքի մեջ է մտցնում ուլտրաձայնային զոնդ, տրոհում պղտորված ոսպնյակն ու հեռացնում դրա բեկորները, ինչից հետո տեղադրում է արհեստական ոսպնյակ։

Վերլուծությունը վիրահատությունից հետո տեսողության զգալի բարելավում է ցույց տվել։ Տեսողության միջին առավելագույն շտկվող սրությունը վիրահատությունից առաջ եղած 0,448-ից աճել է՝ միջամտությունից հետո հասնելով 0,939-ի։ Վիրահատված աչքերի 92,6%-ի դեպքում ապահովվել է առնվազն 0,5 տեսողության սրություն, իսկ 1,0 և ավելի բարձր ցուցանիշ գրանցվել է դեպքերի 68,6%-ում։

Միևնույն ժամանակ, վիրահատություններն աչքի են ընկել բարդությունների շատ ցածր հաճախականությամբ։ Բուն վիրաբուժական միջամտության ընթացքում ամենատարածված բարդությունը ոսպնյակի հետին պատիճի պատռվածքն է եղել, որը գրանցվել է դեպքերի ընդամենը 0,39%-ում։ Վիրահատությունից հետո ամենահաճախ հանդիպող խնդիրը մակուլայի (դեղին բծի) կիստոզ այտուցն է եղել, որն արձանագրվել է դեպքերի լոկ 0,13%-ում։

Հետազոտողները գնահատել են նաև արհեստական ոսպնյակի օպտիկական ուժի հաշվարկման ճշգրտությունը։ Միջին բացարձակ սխալանքը կազմել է 0,56 դիոպտրիա, իսկ դեպքերի 84,95%-ում արդյունքը նախատեսված ցուցանիշից շեղվել է առավելագույնը մեկ դիոպտրիայի սահմաններում։

Պարմայի համալսարանի հետազոտող Կառլո Բելուչիի խոսքով՝ Եվրոպայում կատարված վիրահատությունների արդյունքներն ընդհանուր առմամբ «գերազանց» են։ Ընդ որում, տեխնիկայի նույնիսկ չնչին բարելավումը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ, քանի որ տարեկան միլիոնավոր նման վիրահատություններ են իրականացվում։

Ապագայում մասնագետներն ակնկալում են ներակնային ոսպնյակների էլ ավելի կատարելագործում. դրանք կկարողանան միաժամանակ ապահովել հստակ տեսողություն տարբեր հեռավորությունների վրա և նվազեցնել պացիենտների կախվածությունն ակնոցներից։ Այնուամենայնիվ, ամենաժամանակակից ոսպնյակների լայն տարածմանն առայժմ խոչընդոտում է դրանց գինը։

Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների մասնավոր կլինիկաներում մեկ աչքի վիրահատության ամբողջական արժեքը սկսվում է համապատասխանաբար մոտ 3400 ֆունտ ստերլինգից և 4000 եվրոյից, ընդ որում՝ գինը կախված է նաև տեղադրվող ոսպնյակի տեսակից։



© NEWS.am Medicine