Լուսային աղտոտումը գիշերային քնի ժամանակ բացասաբար է ազդում մարդու սրտի վրա. հետազոտություն

20:35   18 սեպտեմբերի, 2026

Գիշերային քնի ընթացքում լուսային աղտոտվածությունը, նույնիսկ այնքան թույլը, որքան լուսնի լույսն է կամ դռան ճեղքից թափանցող լույսի ճառագայթը, բացասաբար է անդրադառնում մարդու սրտի վրա, վկայում է European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտությունը։

«Գիշերը լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կապված է սրտի վերամոդելավորման հետ», - մամուլի հաղորդագրության մեջ ասել է Լու Ցին ԱՄՆ Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանից, որը ղեկավարել է հետազոտությունը։ «Խոսքը սրտի կառուցվածքի և գործառույթի փոփոխությունների մասին է, որոնք մենք սովորաբար նկատում ենք քրոնիկական սթրեսի կամ սրտի մկանների վնասվածքի դեպքում»։

Նրա խոսքով՝ չնայած այդ կերպ օրգանիզմը հարմարվում է սթրեսին, «ի վերջո, այն թուլացնում է սիրտը և կարող է հանգեցնել սրտի անբավարարության», հաղորդել է Euronews-ը։

Հետևաբար, նշել է Ցին, ննջասենյակում առավելագույն մթության պահպանումը «պետք է դիտարկվի կլինիցիստների և քաղաքականություն մշակողների կողմից՝ որպես սրտի հիվանդությունների կանխարգելման հնարավոր ռազմավարություն»։

Հետազոտությանը մասնակցել է 11 071 մարդ, որոնք մեկ շաբաթ շարունակ գիշերը ենթարկվել են տարբեր մակարդակի լույսի ազդեցությանը՝ գրեթե լիակատար խավարից մինչև լուսավորության տարբեր աստիճաններ, նույնիսկ այնպիսի լույսի, որը համեմատելի է ցածր պայծառությամբ հեռախոսի էկրանի փայլի կամ բաց դռան միջով մտնող թեթևակի լույսի հետ։

Երեք տարի անց մասնակիցները ենթարկվել են սրտանոթային մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ)՝ սրտի կառուցվածքի և գործառույթի հնարավոր փոփոխությունները հայտնաբերելու համար։

Արդյունքները ցույց են տվել, որ ամենաուժեղ գիշերային լույսին ենթարկված մասնակիցների մոտ ձախ փորոքի պատերը հաստացել են՝ նվազեցնելով փորոքի ներսում գտնվող տարածքը։ Եղել են նաև սրտի յուրաքանչյուր զարկի հետ կծկվելու ունակության նվազման նշաններ, ինչը նրա աշխատանքի խանգարման վաղ ցուցանիշ է։

«Մութն արժանի է որպես կենսական ցուցիչ ճանաչվելուն, որը նույնքան կարևոր է սրտանոթային առողջության համար, որքան արյան ճնշման վերահսկողությունը և մաքուր օդը», - գրել են Մայնցի (Գերմանիա) համալսարանական բժշկական կենտրոնի պրոֆեսոր Թոմաս Մյունզելը և նրա գործընկերները ուղեկցող խմբագրական հոդվածում։

Հեղինակները կոչ են արել բժիշկներին հարցնել պացիենտներին իրենց քնի պայմանների մասին. «որքան մութ է ննջասենյակում, արդյոք պացիենտը աշխատում է գիշերային հերթափոխով և որքան ժամանակ է անցկացնում էկրանի առջև մայրամուտից հետո»։ Նրանք խորհուրդ են տալիս օգտագործել հաստ, մթնեցնող վարագույրներ, մահճակալի կողքի տաք երանգների լուսավորություն, կենցաղային էլեկտրոնիկայի վրա սպասման ռեժիմով փոքր լուսադիոդներ։

Մունիցիպալ իշխանությունները նույնպես որոշակի դեր ունեն, քանի որ լուսային աղտոտվածությունը «այն քիչ բնապահպանական սպառնալիքներից է, որը քաղաքները կարող են ուղղակիորեն և էժան վերահսկել», նշել են հեղինակները՝ թվարկելով փակ լուսամփոփները, տաք սպեկտրի լամպերը և մարող լամպերի օգտագործումը կամ շարժմամբ ակտիվացվող լույսերի օգտագործումը որպես լույսի ազդեցությունը նվազեցնելու «էներգաարդյունավետ և կլիմայական առումով բարենպաստ» միջոցներ։



© NEWS.am Medicine