12:46 19 սեպտեմբերի, 2026Ֆիզիկական բարձր ակտիվությունը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը․ ընդ որում, հարաբերական տարբերությունն առավել ակնառու է մինչև 63 տարեկան անձանց շրջանում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարեցների շրջանում դիաբետի ընդհանուր բարձր տարածվածությունը, հավելյալ շարժողականությունն այս տարիքային խմբում պոտենցիալ առումով կարող է կանխել հիվանդության նոր դեպքերի ավելի մեծ քանակը։ Նման եզրահանգման են եկել Նիդերլանդների Լեյդենի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները ներկայացվելու են Շաքարային դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա վեհաժողովում, որը կանցկացվի Միլանում՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը, հայտնում է Medical Xpress-ը։
Գիտնականները վերլուծել են Բրիտանական բիոբանկի (UK Biobank) 87 975 մասնակցի տվյալներ, որոնք հետազոտության մեկնարկի պահին չեն ունեցել դիաբետ։ Մասնակիցների միջին տարիքը 63 էր, 57%-ը՝ կանայք։ Յոթ օր շարունակ նրանք դաստակին կրել են արագացուցիչ, որը ֆիքսել է ֆիզիկական ակտիվության աստիճանը։ Հետազոտողները գնահատել են չափավոր և բարձր ինտենսիվության վարժություններին հատկացված ժամանակը։
Դիտարկման 7,7 տարիների ընթացքում 2-րդ տիպի դիաբետ է ախտորոշվել 2140 մարդու մոտ (մասնակիցների 2,4%-ը)։ Բարձր ակտիվություն ունեցող խմբում նման ծանրաբեռնվածության միջին (մեդիանային) տևողությունը կազմել է շաբաթական 409 րոպե, մինչդեռ ցածր ակտիվությամբ խմբում՝ ընդամենը 121 րոպե։
Հաշվի առնելով տարիքը, սեռը, էթնիկ ծագումը, կրթությունը, ծխելու հանգամանքը, քնի տևողությունը, հիվանդության ժառանգական նախատրամադրվածությունն ու այլ գործոններ՝ հետազոտողները պարզել են, որ քիչ շարժվող մասնակիցների մոտ դիաբետի զարգացման հարաբերական ռիսկը մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել։
Տարբերությունն առավել ցայտուն է դարձել մինչև 63 տարեկան անձանց շրջանում։ Նրանց մոտ ցածր ֆիզիկական ակտիվությունը կապված է եղել հիվանդության ռիսկի ավելի քան կրկնակի աճի հետ՝ համեմատած առավել շարժուն մասնակիցների հետ։ 63-ից բարձր տարիքային խմբում այդ տարբերությունը կազմել է 65%։