Ինչ է տեղի ունենում օրգանիզմում մեկ գավաթ սուրճից հետո․ յոթ անսպասելի ազդեցություն

15:24   19 սեպտեմբերի, 2026

Սուրճը սովորաբար ասոցացվում է նախևառաջ կոֆեինի և էներգիայի ու կենտրոնացվածության արագ բարձրացման հետ։ Այդուհանդերձ, մեկ գավաթ սուրճը պարունակում է հարյուրավոր կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք կարող են ներգործել օրգանիզմի վրա՝ անկախ կոֆեինի առկայությունից։ Սուրճի նման ազդեցությունների վերլուծությունը հրապարակվել է Gut ամսագրում։

Սուրճի ամենահայտնի անսպասելի հատկություններից մեկը աղիների կծկումների խթանումն է․ յուրաքանչյուր տասը մարդուց մոտ երեքը մեկ գավաթ սուրճից կարճ ժամանակ անց աղիները դատարկելու կարիք են զգում։ Սա տեղի է ունենում ինչպես սովորական, այնպես էլ առանց կոֆեինի սուրճի դեպքում, ուստի երևույթը միայն կոֆեինով պայմանավորել չի կարելի։ Դեռևս պարզված չէ, թե հատկապես որ նյութերն են այն առաջացնում։ Աղիների աշխատանքի վրա կարող են ազդել նաև սուրճի հավելումները, օրինակ՝ կաթի լակտոզան կամ որոշ քաղցրացուցիչներ։

Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է սրել ռեֆլյուքսի ախտանիշները։ Կոֆեինը նաև ընդունակ է ժամանակավորապես բարձրացնել ներակնային ճնշումը գլաուկոմայով կամ բարձր ակնային ճնշմամբ պացիենտների մոտ։ Բացի այդ, Եվստախյան փողի որոշ խանգարումների դեպքում կարող է խորհուրդ տրվել կրճատել կոֆեինի օգտագործումը, թեև ուղղակի ապացույցներ չկան այն մասին, որ հենց սուրճն է առաջացնում այդ վիճակը։ Միգրենի հետ կոֆեինի կապը նույնպես միանշանակ չէ․ այն կարող է թեթևացնել նոպան, սակայն չափազանց շատ օգտագործումը կամ սովորական չափաբաժնի կտրուկ կրճատումը որոշ մարդկանց մոտ կարող է գլխացավ առաջացնել։

Սուրճը կարող է փոխազդել նաև դեղամիջոցների հետ։ Օրինակ՝ այն կարող է նվազեցնել լևոթիրոքսինի և օստեոպորոզի դեմ կիրառվող ալենդրոնատի յուրացումը։ Կոֆեինն իր հերթին կարող է ավելի դանդաղ դուրս գալ օրգանիզմից որոշ դեղերի, մասնավորապես՝ ցիպրոֆլոքսացին հակաբիոտիկի ընդունման դեպքում։

Սուրճի բաղադրությունն ազդում է նաև նյութափոխանակության ցուցանիշների վրա։ Դիտերպեններ կաֆեստոլը և կախվեոլը կարող են բարձրացնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը, սակայն որոշ հետազոտություններ ցույց են տալիս լիպոպրոտեինի վրա դրանց հնարավոր դրական ազդեցությունը։ Սուրճի այլ նյութեր, այդ թվում՝ քլորոգենաթթուները, կարող են չնչին չափով իջեցնել ճնշումը և բարելավել անոթների ֆունկցիան։ Ուստի սիրտ-անոթային ցուցանիշների վրա սուրճի ազդեցությունը միանշանակ գնահատելը դեռևս բարդ է։

Սուրճը ներգործում է նաև աղիքային միկրոօրգանիզմների վրա։ Քլորոգենաթթուների մի մասը չի յուրացվում բարակ աղիում և հասնում է հաստ աղի, որտեղ վերամշակվում է մանրէների կողմից։ Սուրճի որոշ ածխաջրեր և բովման արգասիքներ նույնպես սննդի աղբյուր են դառնում աղիքային բակտերիաների համար։ Մարդկանց շրջանում անցկացված փոքրածավալ հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճը կարող է փոխել միկրոբիոմի բաղադրությունը, սակայն այն պրեբիոտիկ անվանելը դեռևս վաղահաս է։

Եվս մեկ ազդեցություն կապված է երկաթի հետ։ Սննդի հետ ընդունած սուրճը կարող է զգալիորեն նվազեցնել ոչ հեմային երկաթի յուրացումը, որը նախևառաջ պարունակվում է բուսական մթերքներում։ Դրան մասնակցում են սուրճի պոլիֆենոլները, որոնք ընդունակ են կապել երկաթը մարսողական համակարգում։ Սա հատկապես կարևոր է երկաթի ցածր պաշարներ ունեցող մարդկանց համար։

Ի վերջո, սուրճը կարող է ակտիվացնել մարսողական համակարգի աշխատանքը նույնիսկ առանց սննդի ընդունման։ Այն խթանում է ենթաստամոքսային գեղձին արտադրել տրիպսին (սպիտակուցների մարսմանը մասնակցող ֆերմենտ)։ Այս ազդեցությունը նույնպես նկատվում է առանց կոֆեինի սուրճ օգտագործելիս։



© NEWS.am Medicine