Գիտնականները պարզել են, թե ինչպես են ուղեղի ագրեսիվ ուռուցքները նյարդային բջիջներն օգտագործում սեփական աճի համար

17:32   19 սեպտեմբերի, 2026

Գիտնականները բացահայտել են այն մեխանիզմը, որով չափահասների մոտ ուղեղի ամենաագրեսիվ ուռուցքները խթանում են շրջակա նյարդային բջիջներն ու արագացնում սեփական աճը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր բարձր չարորակության գլիոմաներն հսկայական քանակությամբ կուտակում են գուանիդինացետատ (GAA) մետաբոլիտը։ Այն ակտիվացնում է ուռուցքի հարևանությամբ գտնվող նեյրոնները, որոնք էլ իրենց հերթին խթանում են քաղցկեղային բջիջների բաժանումը։ Արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Տեխասի համալսարանի Հարավարևմտյան բժշկական կենտրոնին կից Մանկական բժշկական կենտրոնի հետազոտական ինստիտուտի մասնագետները պարզել են, որ նման ուռուցքներում GAA-ի խտությունը կարող է շուրջ 100 անգամ գերազանցել սովորական մակարդակը։

Դա տեղի է ունենում GAA արտադրող ֆերմենտի չափազանց բարձր ակտիվության պատճառով։ Երբ ուռուցքային բջիջները հագենում են այդ նյութով, մեկ այլ ֆերմենտ՝ GAMT-ը, այլևս ի վիճակի չի լինում դրա ավելցուկն ամբողջությամբ վերամշակել կրեատինի։ Արդյունքում GAA-ն քաղցկեղային բջիջներից արտահոսում է ուռուցքը շրջապատող հյուսվածքներ։

Այնտեղ այն կապվում է մոտակա նեյրոնների ռեցեպտորներին և ակտիվացնում դրանք։ Ակտիվացված նյարդային բջիջներն սկսում են փոխանցել քիմիական և էլեկտրական ազդանշաններ, որոնք խթանում են գլիոմայի բջիջների բազմացումը։

GAA-ի և նեյրոնների ակտիվության միջև կապը գիտնականները հաստատել են մի շարք փորձարկումների միջոցով։ Երբ հետազոտողները արգելափակել են ուռուցքային բջիջներում GAA-ի արտադրության համար պատասխանատու ֆերմենտը, մետաբոլիտի մակարդակն ընկել է, նեյրոնների ակտիվությունը՝ նվազել, իսկ ուռուցքի աճը՝ դանդաղել։ Միևնույն ժամանակ, նեյրոնների արհեստական ակտիվացումը թույլ է տվել դրանց խթանել ուռուցքի աճը նույնիսկ GAA-ի ավելցուկի բացակայության պայմաններում։

Մեկ այլ փորձ ցույց է տվել, որ ազդեցությունը պայմանավորված է հենց ուռուցքային բջիջների և նեյրոնների փոխազդեցությամբ։ Երբ քաղցկեղային բջիջներն աճեցրել են առանց հարևանությամբ գտնվող նյարդային բջիջների, GAA-ի մակարդակի նվազեցումն այլևս չի դանդաղեցրել դրանց բազմացումը։

Հետազոտողները նկատել են այս մեխանիզմի նմանությունը նյութափոխանակության հազվադեպ ժառանգական խանգարման՝ GAMT ֆերմենտի դեֆիցիտի հետ։ Այս հիվանդության դեպքում նույնպես կուտակվում է GAA, իսկ դրա ախտանիշներից են ցնցումներն ու այլ նյարդաբանական դրսևորումները։

Հաջորդ փուլով ստուգվելու է հնարավոր բուժման արդյունավետությունը։ Գիտնականները ծրագրում են բարձր չարորակության գլիոմաներ ունեցող պացիենտների շրջանում փորձարկել հատուկ դիետոթերապիա, որն արդեն կիրառվում է GAMT դեֆիցիտի դեպքում։ Վիրահատությունից առաջ հիվանդների սննդակարգը կփոխվի, ինչից հետո հետազոտողները հեռացված ուռուցքի նմուշներով կկարողանան պարզել՝ հաջողվել է արդյոք նվազեցնել GAA-ի պարունակությունը։

Եթե սննդակարգի փոփոխությունն իսկապես նվազեցնի ուռուցքներում առկա մետաբոլիտի մակարդակն, հետագա հետազոտությունները ցույց կտան, թե արդյոք այդ մոտեցումը բարձրացնում է բուժման արդյունավետությունն ու բարելավում պացիենտների ապրելիությունը։


© NEWS.am Medicine