Տեսողության կորուստը կարող է հալյուցինացիաներ առաջացնել. ի՞նչ է Շառլ Բոնեի համախտանիշը

20:17   19 սեպտեմբերի, 2026

Տեսողության լուրջ կորուստ ունեցող մարդիկ երբեմն սկսում են տեսնել մարդկանց, ծաղիկներ, շենքեր կամ երկրաչափական պատկերներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Նման տեսողական հալյուցինացիաները կարող են վախեցնող լինել, սակայն մի շարք դեպքերում դրանք կապված են ոչ թե հոգեկան հիվանդության կամ դեմենցիայի, այլ Շարլ Բոնեի համախտանիշի հետ․ այն տեսողության վատթարացման քիչ հայտնի հետևանքներից է, գրում է Medical Xpress-ը։

Հետազոտությունների համաձայն՝ Շարլ Բոնեի համախտանիշը (ՇԲՀ) հանդիպում է ցանցաթաղանթի հիվանդություններ կամ տեսողության զգալի կորուստ ունեցող մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ մարդու մոտ։ Որքան ավելի թույլ է տեսողությունը, այնքան մեծ է նման հալյուցինացիաների ի հայտ գալու հավանականությունը։ Ամենից հաճախ համախտանիշը նկատվում է տարիքային մակուլյար դեգեներացիա ունեցող անձանց մոտ․ սա մի հիվանդություն է, որի դեպքում վնասվում է կենտրոնական և ամենահստակ տեսողության համար պատասխանատու մակուլան։

ԱՄՆ-ում տարիքային մակուլյար դեգեներացիայով տառապում է շուրջ 11 միլիոն մարդ, հայտնում է Աչքի ազգային ինստիտուտը։ Հիվանդության ռիսկը մեծանում է տարիքի հետ՝ հատկապես 55 տարեկանից հետո։

Համախտանիշի դեպքում հալյուցինացիաները կարող են շատ իրատեսական տեսք ունենալ։ Այսպես, Բրուքլինից 97-ամյա քանդակագործ Վարդա Յորանը, ով գրեթե կորցրել էր տեսողությունը, մի անգամ հիվանդանոցային պատգարակի վրա տեսել է գոյություն չունեցող փողոց։ Տանը նրան երբեմն թվում էր, թե հյուրասենյակում անծանոթ մարդիկ են նստած։ Նա հասկանում էր, որ տեսնում է ոչ իրական բաներ, բայց վախենում էր, որ խելագարվում է։ Հետագայում դուստրը տեղեկություններ է գտել Շարլ Բոնեի համախտանիշի մասին, և բուժող բժիշկը հաստատել է, որ նրա ախտանիշները համապատասխանում են այդ վիճակին։

Ընդ որում, համախտանիշի մասին քիչ գիտեն ոչ միայն պացիենտները, այլև որոշ բժիշկներ։ Միչիգանի Speciality Eye Institute-ի ռետինոլոգ Սուրենդար Պուրոհիտը The Washington Post-ին պատմել է, որ պացիենտներն իրեն նկարագրել են մարդկանց, նախշերի և երկրաչափական պատկերների հայտնվելը, որոնք իրականում չեն եղել։

Լոնդոնի Թագավորական քոլեջի տեսողական հոգեբուժության պրոֆեսոր Դոմինիկ Ֆֆիթչի անցկացրած ուղեղի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, թե ինչու է դա տեղի ունենում։ Երբ տեսողական կեղևը դադարում է աչքերից ստանալ ազդանշանների սովորական քանակը, ստացվող տեղեկատվությունից զրկված ուղեղի հատվածները կարող են ավելի գրգռված դառնալ։ Արդյունքում նեյրոններն սկսում են ինքնուրույն ակտիվանալ՝ ստեղծելով տեսողական պատկերներ։

Այդուհանդերձ, դեռևս անհայտ է, թե ինչու է համախտանիշը զարգանում տեսողության կորուստ ունեցող որոշ մարդկանց մոտ, իսկ մյուսների մոտ չի առաջանում։



© NEWS.am Medicine