21:38 20 սեպտեմբերի, 2026
Ֆլորիդայում գրանցվել է վերջին տասնամյակների ընթացքում դենգե տենդի (դենգեի տենդախտի) ամենամեծ բռնկումներից մեկը, որն արդեն հանգեցրել է մարդու մահվան։ Նահանգի առողջապահության դեպարտամենտը ուրբաթ օրը հաստատել է մահվան դեպքը, հայտնում է Associated Press-ը։
Խոսքը վերաբերում է անմիջապես Ֆլորիդայում՝ Հիլսբորո շրջանում վարակման ավելի քան 130 դեպքի։ Սովորաբար այստեղ տարեկան գրանցվում է նման ընդամենը մի քանի դեպք։ Ըստ Tampa Bay Times-ի տվյալների, մահացածը Տամպայի տարեց բնակչուհի է, նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 4-ին։
«Մեզ համար սա խիստ անսովոր է», - ասել է շրջանի ներկայացուցիչ Քրիս Ուիլկերսոնը։
Դենգեն հարուցվում է վիրուսով, որը փոխանցվում է մոծակների որոշակի տեսակների միջոցով։ Մասնագետների վկայությամբ, դրանց արեալը (տարածման շրջանը) ընդլայնվում է, այդ թվում՝ կլիմայի փոփոխության ֆոնին։ Ֆլորիդայում ներկայիս բռնկումը հավանաբար կապված է եղանակային պայմանների հետ, որոնք նպաստել են վարակը փոխանցողների բազմացմանը։
Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում դենգեի դեպքերի մեծ մասը բաժին էր ընկնում այն մարդկանց, ովքեր վարակվել էին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Բացառություն էին Պուերտո Ռիկոյում գրանցված տեղական դեպքերը։ 2009–2010 թվականներին Ֆլորիդայի Քի Ուեսթում՝ 1945 թվականից ի վեր առաջին անգամ Տեխասի և Մեքսիկայի սահմանային շրջանից դուրս, գրանցվեցին ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում ձեռք բերված դենգեի դեպքեր։
Նահանգի համար ռեկորդային թվով տեղական դեպքեր՝ գրեթե 200, գրանցվել են 2023 թվականին։ Այս տարի դրանց թիվն արդեն հասել է 152-ի, ինչը երկրորդ ցուցանիշն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հայտնում է Ֆլորիդայի առողջապահության դեպարտամենտը։
Շատ վարակվածներ ախտանիշներ չեն ունենում, ուստի դեպքերի պաշտոնական թիվը կարող է ավելի ցածր լինել վարակումների իրական քանակից։ Մյուսների մոտ հիվանդությունը առաջացնում է գլխացավ, բարձր ջերմություն և գրիպ հիշեցնող ախտանիշներ։ Ծանր դեպքերում հնարավոր են ուժեղ արյունահոսություններ, շոկ և մահ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից ամբողջ աշխարհում գրանցվել է դենգեի ավելի քան 2,2 միլիոն դեպք, գրեթե 1200 մարդ մահացել է։ ԱՄՆ-ում հայտնաբերվել է երկրի ներսում վարակման շուրջ 1500 դեպք, ընդ որում՝ մեծ մասը բաժին է ընկնում Պուերտո Ռիկոյին։
Ֆլորիդայում ներկայիս բռնկումը կենտրոնացած է Տամպայից հյուսիս։ Մասնագետները շուրջօրյա մշակում են տարածքները մոծակներին ոչնչացնելու համար և ստուգում են տեղանքները լճացած ջրի առկայության ուղղությամբ, այդ թվում՝ հին ավտոդողերում, որտեղ կարող են բազմանալ միջատները։
Մոծակների վերջին հետազոտությունները առայժմ վիրուս չեն հայտնաբերում, ինչը, մասնագետների խոսքով, մատնանշում է նոր վարակումների հավանականության նվազում։ Սակայն դենգեի սպառնալիքը հավանաբար կպահպանվի՝ Ֆլորիդայում վարակը փոխանցողների մշտական առկայության պատճառով։
«Կարծում եմ՝ սա որոշ չափով կդառնա նոր նորմա», - ասել է Ֆլորիդայի համալսարանի դոցենտ Մայքլ ֆոն Ֆրիկենը։