Տղամարդկանց մոտ Y-քրոմոսոմի կորուստը կարող է քաղցկեղի վաղ նշան լինել․ JCI

16:37   21 սեպտեմբերի, 2026

Տղամարդկանց հյուսվածքներում Y քրոմոսոմի կորուստը կարող է տեղի ունենալ դեռևս ուռուցքի ձևավորումից առաջ և ծառայել որպես քաղցկեղի զարգացման վաղ նշաններից մեկը: Այս եզրահանգմանն են եկել Արիզոնայի համալսարանի Ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JCI Insight ամսագրում:

Տղամարդկանց բջիջներում սովորաբար առկա է մեկական X և Y քրոմոսոմ: Տարիքի հետ բջիջների մի մասը կարող է կորցնել Y քրոմոսոմը․ այս գենետիկ փոփոխությունը հատկապես հաճախ հանդիպում է արյան բջիջներում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նման գործընթաց է տեղի ունենում նաև տարբեր օրգանների հյուսվածքներում և կարող է կապված լինել նորմալ վիճակից դեպի քաղցկեղ անցման հետ:

Գիտնականները վերլուծել են 405 տղամարդուց վերցված հյուսվածքների շուրջ հազար նմուշ: Ավտոմատացված ֆլուորեսցենտային տեսաներկայացման (վիզուալիզացիայի) միջոցով նրանք ուսումնասիրել են ավելի քան 4,3 միլիոն բջջակորիզ և որոշել X ու Y քրոմոսոմների հարաբերակցությունը:

Հետազոտողները հատկապես մանրամասն ուսումնասիրել են ուռուցքի հետ միասին հեռացված միզապարկի հյուսվածքները: Նրանք նկատել են Y քրոմոսոմի կորստի աստիճանական աճ՝ արտաքուստ նորմալ հյուսվածքից դեպի վաղ ախտաբանական փոփոխություններ, իսկ այնուհետև՝ արդեն ձևավորված ուռուցք անցնելիս: Որքան հյուսվածքի հատվածն ավելի մոտ է եղել քաղցկեղին, այնքան ավելի հաճախ է դրա բջիջներում բացակայել Y քրոմոսոմը:

Արտաքուստ առողջ հյուսվածքներում Y քրոմոսոմի ամենաարտահայտված կորուստը նկատվել է հաստ և ուղիղ աղիքի, որկորի, ենթաստամոքսային գեղձի ու թոքերի քաղցկեղի դեպքում:

«Նման օրինաչափությունը կարող է վկայել նախաքաղցկեղային վիճակի մասին, երբ հյուսվածքը դեռ առողջ տեսք ունի, բայց արդեն ձեռք է բերում ուռուցքի զարգացմանը նպաստող գենետիկ փոփոխություններ: Հետագայում այս ցուցանիշը կարող է օգնել բժիշկներին գնահատել բիոպսիայի արդյունքները և հայտնաբերել բարձր ռիսկի գոտիները»,- պարզաբանել են գիտնականները:

Ավելի վաղ հետազոտական թիմը պարզել էր, որ բուն քաղցկեղային բջիջներում Y քրոմոսոմի կորուստը կարող է օգնել ուռուցքին խուսափել իմունային պատասխանից: Նոր աշխատանքը ցույց է տալիս, որ Y քրոմոսոմի հետ կապված փոփոխությունները կարող են ի հայտ գալ դեռևս քաղցկեղի ձևավորումից առաջ:



© NEWS.am Medicine