Հղիության ընթացքում հազվադեպ հանդիպող վարակները կապված են աուտիզմի բարձր ռիսկի հետ

16:11   24 սեպտեմբերի, 2026

Հղի կնոջից պտղին փոխանցվող հազվագյուտ վարակները կարող են կապված լինել հետագայում աուտիզմի և մտավոր անբավարարության ռիսկի զգալի մեծացման հետ։ Այս մասին են վկայում Կարոլինայի ինստիտուտի գիտնականների լայնածավալ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են վարակների խումբը, որը հայտնի է TORCH անվամբ։ Դրա մեջ, մասնավորապես, մտնում են ցիտոմեգալովիրուսային վարակը, կարմրախտը, տոքսոպլազմոզը և հերպեսի վիրուսներով հարուցված վարակները։ Թեև վարակների մեծ մասը չի թափանցում պտղի մեջ, որոշ հարուցիչներ կարող են հաղթահարել ընկերքային պատնեշն ու բնածին վարակ առաջացնել։

Գիտնականները վերլուծել են 1987-2021 թվականներին Շվեդիայում ծնված 3,7 միլիոն մարդու բժշկական ու կրթական տվյալները։ Նրանցից 975-ի մոտ ախտորոշվել է բնածին TORCH վարակ։ Մասնակիցների նկատմամբ հսկողությունը տևել է մինչև 30 տարի, ինչը թույլ է տվել գնահատել այդ վարակների և նյարդահոգեկան զարգացման հետագա խանգարումների, ինչպես նաև կրթական արդյունքների միջև հնարավոր կապը։

Բնածին TORCH վարակ ունեցող երեխաների շրջանում աուտիզմի հետագա ախտորոշման հավանականությունը մոտ երեք անգամ ավելի մեծ է եղել, քան նման վարակ չունեցողների մոտ։ Մտավոր անբավարարության ռիսկը բարձր է եղել ավելի քան յոթ անգամ։ Ծանր ու խորը մտավոր անբավարարության դեպքում տարբերությունն էլ ավելի ընդգծված է եղել. ռիսկը մեծացել է մինչև 30 անգամ։

Ընդ որում, չնայած հարաբերական ռիսկի զգալի աճին, բնածին TORCH վարակները հազվադեպ են հանդիպում, ուստի պոպուլյացիայում աուտիզմի և մտավոր անբավարարության բոլոր դեպքերի միայն փոքր մասն է դրանցով պայմանավորված։

Հետազոտողների գնահատմամբ՝ Շվեդիայում բնածին TORCH վարակները կարող են կապված լինել ծանր մտավոր անբավարարության դեպքերի մոտ 1,2 և աուտիզմի դեպքերի շուրջ 0,034 տոկոսի հետ։ Գիտնականների հաշվարկներով՝ անհատական մակարդակում TORCH վարակով ծնված յուրաքանչյուր հինգերորդ երեխայի մոտ հետագայում կարող է աուտիզմ զարգանալ։

Որոշ բնածին վարակների ու մտավոր անբավարարության միջև կապը հայտնի է վաղուց, սակայն նախորդ հետազոտություններում դրանց առնչությունն աուտիզմին այնքան էլ ակնհայտ չէր: Գիտնականների խոսքով՝ այս նոր աշխատությունն իր տեսակի մեջ ամենամեծն է և հիմնված է ազգային ռեգիստրների վրա, որոնք ընդգրկում են Շվեդիայի գրեթե ողջ բնակչությանը։

Պարզելու համար, թե կարող էին արդյոք ստացված արդյունքները բացատրվել ընտանեկան գործոններով, հետազոտողները բնածին TORCH վարակով երեխաներին համեմատել են նաև նրանց քույրերի ու եղբայրների հետ, որոնք նման վարակներ չեն ունեցել։ Այս համեմատության դեպքում ևս կապը պահպանվել է. սա թույլ է տալիս ենթադրել, որ ընտանիքի անդամների համար ընդհանուր գործոնները հազիվ թե ինքնուրույնաբար և ամբողջությամբ պայմանավորեն ստացված արդյունքները։

Հետազոտողները հստակ կապ չեն հայտնաբերել բնածին TORCH վարակների և որոշ այլ նյարդահոգեկան վիճակների, այդ թվում՝ ՈՒՊՀՀ-ի (ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման միջև։

Սակայն գիտնականները տարբերություններ են բացահայտել առաջադիմության հարցում։ Նույնիսկ այն երեխաների շրջանում, որոնց մոտ աուտիզմ կամ մտավոր անբավարարություն չի ախտորոշվել, բնածին TORCH վարակ ունեցողները դպրոցում միջինում ավելի ցածր գնահատականներ են ստացել։

Արդյունքները վկայում են, որ հղիության ընթացքում պտղին փոխանցվող որոշ վարակներ կարող են երկարաժամկետ ազդեցություն թողնել ուղեղի զարգացման վրա։ Հետազոտողները նշում են, որ որոշ բնածին վարակներ հնարավոր է կանխարգելել, ինչը դրանք կարևոր է դարձնում հանրային առողջապահության տեսանկյունից։

Կարմրախտը կանխարգելման արդյունավետության օրինակներից է։ Պատվաստումների ազգային ծրագրերի ներդրումից հետո այս վարակը Շվեդիայում գրեթե անհետացել է։ Հետազոտողների համոզմամբ՝ պատվաստումների ծրագրերի և կանխարգելիչ այլ միջոցառումների շարունակական կիրառումը կարևոր է մորից զարգացող պտղին փոխանցվող վարակների ռիսկը նվազեցնելու համար։

Հետազոտությունը ֆինանսավորվել է Շվեդիայի հետազոտական խորհրդի կողմից։ Աշխատության համահեղինակ Դևիդ Մատայքս-Կոլսը հայտնել է, որ հեղինակային հոնորարներ է ստացել UpToDate Inc.-ից, ինչպես նաև հանդիսանում է տվյալ հրապարակման հետ առնչություն չունեցող Scandinavian E-Health AB ընկերության գործընկերը։



© NEWS.am Medicine