18:15 24 սեպտեմբերի, 2026Քաշի նվազման, նախադիաբետի կամ 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար GLP-1 դեղամիջոցներ ընդունող գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխայի մոտ բուժումը սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում ախտորոշվել է սննդանյութերի անբավարարություն։ Դրա մասին ասվում է Childhood Obesity հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ GLP-1 թերապիայի առաջին տարվա ընթացքում բուժառուների 16,8%-ի մոտ սննդանյութերի դեֆիցիտ է բացահայտվել։ Ամենատարածված խնդիրը եղել է D վիտամինի պակասը, որն ախտորոշվել է երեխաների 12,4%-ի օրգանիզմում։
Հետազոտողները նշում են, որ ստացված արդյունքներն ընդգծում են սննդակարգի վերահսկման կարևորությունը երեխաների և դեռահասների համար GLP-1 դեղամիջոցներ նշանակելիս: Այդ շրջանում օրգանիզմը հատկապես բնականոն աճի և զարգացման համար բավարար քանակությամբ սննդանյութերի կարիք ունի:
«Քանի որ երեխաների շրջանում GLP-1 դեղամիջոցների կիրառումն սկսում է լայն տարածում գտնել, անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ արագ աճի և սեռական հասունացման շրջանում դրանց օգտագործման հետ կապված ռիսկերը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Չիկագոյի Անն և Ռոբերտ Հ. Լուրիների անվան մանկական հիվանդանոցի վիրաբուժության դեպարտամենտի հետազոտությունների բաժնի ղեկավարի տեղակալ, Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկական դպրոցի վիրաբուժության և մանկաբուժության դոցենտ Ջասթին Ռայդերը:
Դեռահասության տարիքում առանձնահատուկ նշանակություն ունեն D վիտամինը, երկաթը և կալցիումը, քանի որ դրանց դեֆիցիտը կարող է բացասաբար ազդել ոսկորների առողջության և ընդհանուր զարգացման վրա: GLP-1 դեղամիջոցներն ընդունակ են նվազեցնել ախորժակը և սպառվող սննդի քանակը, ինչը պոտենցիալ կերպով կարող է դժվարացնել երեխաների կողմից անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակի ստացումը։
Հետազոտողները պարզել են նաև, որ բուժումը սկսելուց հետո սնուցման վերաբերյալ խորհրդատվություններ հազվադեպ են անցկացվել: բուժառուների միայն 5%-ն է սննդակարգի վերաբերյալ խորհուրդներ ստացել GLP-1 թերապիան սկսելուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ վեց ամսվա ընթացքում նման խորհրդատվություն է ստացել երեխաների 25%-ից պակասը։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2000 երեխա
Գիտնականները վերլուծել են 2017-2022 թվականներին հավաքված բժշկական ապահովագրական դիմումների ազգային բազայի տվյալները: Բազան պարունակում էր տեղեկություններ ավելի քան 100 միլիոն բուժառուի մասին։
Հետազոտության համար գիտնականներն ընտրել են 10-17 տարեկան 2031 երեխայի, որոնք ընդունել են GLP-1 դեղամիջոցներ, համապատասխանել են ապահովագրական համակարգին անընդհատ մասնակցության չափանիշներին և մինչև բուժումն սկսելը սննդանյութերի ախտորոշված պակաս չեն ունեցել։
Ամենահաճախ նշանակվող դեղամիջոցը եղել է լիրագլուտիդը, որը վաճառվում է Victoza և Saxenda առևտրային անվանումներով. դրանց բաժին է ընկել նշանակումների 78,6%-ը: Դուլագլուտիդի (Trulicity) մասնաբաժինը կազմել է 10,4%, իսկ սեմագլուտիդինը (Ozempic և Wegovy)՝ 9,1%:
Հետազոտողները կարծում են, որ սնուցման գնահատումը և համապատասխան աջակցությունը պետք է լինեն GLP-1 դեղամիջոցներով թերապիայի մաս հենց սկզբից, այլ ոչ թե անցկացվեն միայն դեֆիցիտը հայտնաբերելուց հետո:
«Հուսով ենք՝ մեր հետազոտության արդյունքներն անհրաժեշտ ուշադրություն կգրավեն երեխաներին GLP-1 դեղամիջոցներ նշանակելիս սնուցման կանխարգելիչ վերահսկման կարևորության վրա, այլ ոչ թե սպասելու, մինչև որ սննդանյութերի դեֆիցիտ կախտորոշվի»,- ասել է Ռայդերը:
Հեղինակների կարծիքով՝ սնուցման հետ կապված պոտենցիալ խնդիրների վաղ հայտնաբերումը կարող է բժիշկներին օգնել նվազեցնել սննդանյութերի անբավարարության զարգացման ռիսկը երեխայի աճի և զարգացման կարևոր շրջանում: