Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների գերբեռնվածությունը կարող է կապված լինել շաբաթը հարյուրավոր մահերի հետ․ հետազոտություն

14:42   25 սեպտեմբերի, 2026

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շտապ օգնության բաժանմունքների գերբեռնվածությունը և միջանցքներում պացիենտդների բուժումը կարող են կապված լինել Մեծ Բրիտանիայում ամեն շաբաթ հարյուրավոր լրացուցիչ մահերի հետ։

Ինչպես հաղորդել է Sky News-ը, հետազոտողները վերլուծել են ավելի քան 19 հազար չափահաս պացիենտների տվյալներ և պարզել, որ շտապ օգնության բաժանմունքների բեռնվածության յուրաքանչյուր 10 տոկոս աճը կապված է եղել մահվան 1 տոկոսով բարձր ռիսկի հետ հաջորդ 28 օրվա ընթացքում։

Հետազոտությունն ընդգրկել է 2025 թվականի մարտի երկու շաբաթը և ներառել է Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի 134 անհետաձգելի օգնության բաժանմունքներ (Մեծ Բրիտանիայի բոլոր շտապ օգնության բաժանմունքների մոտավորապես 70 տոկոսը)։

Գլազգոյի համալսարանի դոկտոր Ռայան Մաքհենրին, որը նաև աշխատում է որպես անհետաձգելի բուժօգնության բժիշկ Շոտլանդիայի արևմուտքում, ներկայացրել է հետազոտության արդյունքները Ֆրանսիայում կայացած Անհետաձգելի բուժօգնության բժշկության եվրոպական կոնգրեսում։

«Մենք պարզեցինք, որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների բեռնվածության աճը կապված է հիվանդանոց ընդունված պացիենտների մահացության աճի հետ», - ասել է Մաքհենրին։

Նրա խոսքով՝ այս արդյունքները նշանակալի են, քանի որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները հաճախ գործում են բարձր ճնշման տակ, և գերբեռնվածության նվազեցումը կարող է կյանքեր փրկել։

Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ Մաքհենրին գնահատել է, որ գերբեռնումը կարող է շաբաթական մոտ 550 մահվան պատճառ լինել։ Սակայն նա ընդգծել է, որ հետազոտությունը համեմատաբար փոքր է եղել, ուստի հնարավոր ավելորդ մահերի շրջանակը մնում է լայն։

«Մեր գնահատմամբ՝ լիովին հնարավոր է 33-ից մինչև 1 083 ավելորդ մահ», - ասել է նա։

Գերբեռնվածության գնահատման համար հետազոտողները համեմատել են օգնության ցուցաբերման տարածքների, ինչպիսին են անհատական սենյակները, քանակը բուժվող պացիենտների թվի հետ։

Միջին հաշվով, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները գործել են իրենց նախագծային հզորության 175 տոկոսի չափով, ինչը վկայում է զգալի գերբեռնման մասին։

Գիտնականները նաև ուսումնասիրել են այսպես կոչված «միջանցքային խնամքը», երբ պացիենտները բուժում են ստանում այդ նպատակի համար չնախատեսված տարածքներում, ինչպիսին են միջանցքները: Սա նույնպես կապված է եղել մահվան նման բարձր ռիսկի հետ, չնայած հետազոտողները նշել են, որ բաժանմունքների գերբեռնվածությունը զգալիորեն ավելի հեշտ է չափել և գրանցել։

Անհետաձգելի բուժօգնության եվրոպական կոնգրեսի թեզիսների ընտրության հանձնաժողովի անդամ, բժիշկ Ֆելիքս Լորանգը նշել է, որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս գերբեռնման և միջանցքներում պացիենտներին բուժելու հետ կապված ռիսկերը։

Նա նաև ընդգծել է «դուրսգրման բլոկների» (exit block) խնդիրը՝ իրավիճակ, երբ պացիենտները ստիպված են մնալ ահետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ ստացիոնար բաժանմունքներում մահճակալների պակասի պատճառով: Լորանգի խոսքով՝ սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում արդեն գերբեռնված բաժանմունքների վրա և դժվարացնում է պացիենտներին անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերումը:

Անհետաձգելի բժշկության թագավորական քոլեջի նախագահ, բժիշկ Իեն Հիգինսոնը, նշել է. «Մարդիկ մահանում են, քանի որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները գերբեռնված են»։

Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական օգնության նախարարության (DHSC) ներկայացուցիչը նշել է, որ գերբեռնումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ պացիենտների անվտանգության և ստացվող խնամքի որակի վրա։ Գերատեսչությունը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և պացիենտների բուժումը միջանցքներում դադարեցնելու համար, այդ թվում՝ փորձագետների խմբերի տեղակայումն ամենաշատ ծանրաբեռնված հիվանդանոցներում և հիվանդանոցային շենքերում և ենթակառուցվածքում ավելի քան 1,5 միլիարդ ֆունտ սթեռլինգի ներդրումների կատարումը։



© NEWS.am Medicine