20:15 26 սեպտեմբերի, 2026Միգրեն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում քնի հետ կապված խնդիրների, քան նրանք, ովքեր գլխացավ չունեն։ Բացի այդ, միգրեն ունեցող մարդիկ ավելի հաճախ ունենում են ավելի ուշ քրոնոտիպ, այսինքն՝ ավելի ուշ քնելու և արթնանալու և օրվա երկրորդ կեսին ամենամեծ ակտիվություն դրսևորելու հակվածություն։ Այսպիսի եզրակացության է եկել Լեհաստանում իրականացված խոշոր համազգային հետազոտությունը։
Հետազոտությունն անցկացվել է Վրոցլավի բժշկական համալսարանի գիտնականների թիմի կողմից՝ նյարդաբան Մարթա Վալիշևսկա-Պրոսուլի գլխավորությամբ: Գիտնականները վերլուծել են 5 311 մեծահասակների տվյալներ, այդ թվում՝ 1 523-ը՝ միգրեն, 2 366-ը՝ լարվածության տիպի գլխացավեր և 209-ը՝ չդասակարգվող գլխացավեր ունեցող: Եվս 1 213 մասնակից հայտնել է, որ նախորդ 12 ամիսների ընթացքում գլխացավ չի ունեցել:
Արդյունքները հրապարակվել են The Journal of Headache and Pain ամսագրում:
Խմբերի միջև ամենակարևոր տարբերությունը վերաբերել է քնի որակին: Քնի խնդիրների մասին հայտնել է միգրեն ունեցող մասնակիցների 64.1 տոկոսը՝ գլխացավ չունեցողների 38.7 տոկոսի համեմատ: Լարվածության տիպի գլխացավեր ունեցող մասնակիցների շրջանում այս ցուցանիշը կազմել է 45.4 տոկոս:
Քնի որակը գնահատվել է Փիթսբուրգի քնի որակի ինդեքսի միջոցով, որը հաշվի է առնում քնելու համար անհրաժեշտ ժամանակը, քնի տևողությունը և արդյունավետությունը, գիշերային արթնացումները և մարդու ինքնազգացողությունն օրվա ընթացքում:
Միգրեն ունեցող մարդիկ ավելի վատ արդյունքներ են ունեցել ուսումնասիրված բոլոր պարամետրերի գծով: Այս տարբերությունը պահպանվել է նույնիսկ տարիքը, սեռը, բնակության վայրը, կրթությունը, ամուսնական կարգավիճակը և աշխատանքային կարգավիճակը հաշվի առնելուց հետո։
Միևնույն ժամանակ, քնի որակը կապված է եղել նաև միգրենի ծանրության հետ: Այս խանգարումն ունեցող մարդկանց մոտ վատ քունը կապված է եղել ավելի հաճախակի նոպաների, առօրյա կյանքում ավելի մեծ սահմանափակումների, սթրեսի և տագնապայնության ավելի բարձր մակարդակի և կյանքից ավելի ցածր գոհունակության հետ: Ամենաուժեղ կապը նկատվել է վատ քնի որակի և կյանքի որակի նվազման միջև։
Հետազոտողները նշել են, որ միգրենի և քնի միջև կապը, հավանաբար, երկկողմանի է: Քնի անբավարարությունը կամ ավելցուկը կարող են մեծացնել ցավի նկատմամբ զգայունությունը, մինչդեռ միգրենի նոպան և դրա հետ կապված ախտանիշները կարող են դժվարացնել քնելը և գիշերն արթնանալու պատճառ դառնալ: Երկու պրոցեսներին էլ մասնակցում են հիպոթալամուսը և նեյրոմեդիատորները, որոնք կարգավորում են ցիրկադային ռիթմերը և ցավի ընկալումը։
Գիտնականները նաև ուսումնասիրել են մասնակիցների քրոնոտիպը՝ մարդու բնական հակումը քնի և գործունեության որոշակի ժամանակի նկատմամբ: Միգրեն ունեցող մարդկանց 24.9 տոկոսն ունեցել է «առավոտյան» քրոնոտիպ՝ գլխացավ չունեցողների 39.1 տոկոսի համեմատ։
Սա չի նշանակում, թե քնելու և ուշ արթնանալու սովորությունն ինքնին միգրենի պատճառ է դառնում։ Հետազոտողները նշել են, որ խմբերի միջև տարբերությունները համեմատաբար փոքր են եղել, իսկ քրոնոտիպի և հիվանդության կլինիկական դրսևորումների միջև կապը՝ թույլ։