13:04 27 սեպտեմբերի, 2026
2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշումից հետո ժամանակի ընթացքում զգալիորեն մեծանում է երիկամների քրոնիկ հիվանդության, սրտային անբավարարության կամ մահվան վտանգը։ Այս եզրահանգմանն են եկել հետազոտողները՝ վերլուծելով ԱՄՆ-ում ավելի քան 1,6 մլն պացիենտի տվյալներ։ Հետազոտության արդյունքները կներկայացվեն Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա համաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Միլանում, գրում է Medical Xpress-ը։
Համաձայն հետազոտության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի ախտորոշմանը հաջորդող առաջին հինգ տարիներին երիկամների քրոնիկ հիվանդության, սրտային անբավարարության զարգացման կամ մահվան վտանգը կազմում է միջինում 33%։ Տասը տարվա ընթացքում այս ցուցանիշն աճում է մինչև 55%։
Հետազոտողներն օգտագործել են CALOR դիտարկումային հետազոտությունների ծրագրի տվյալները։ Վերլուծության մեջ ներառվել է 1 617 508 պացիենտ, որոնց մոտ առաջին անգամ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետ 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնակիցների միջին տարիքը եղել է 59 տարեկան, նրանց 51%-ը եղել են կանայք։
Պացիենտների մեծ մասն արդեն իսկ ունեցել է ռիսկի այլ գործոններ։ 72%-ի մոտ առկա է եղել դիսլիպիդեմիա՝ արյան մեջ խոլեստերինի և այլ ճարպերի բարձր մակարդակ, իսկ 68%-ի մոտ՝ զարկերակային բարձր ճնշում։ Մարմնի զանգվածի ինդեքսը գրանցված է եղել մասնակիցների միայն 13%-ի մոտ. դրա միջնարժեքը կազմել է 30,9 կգ/մ²։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ախտորոշումից հետո երիկամների քրոնիկ հիվանդությունն ավելի հաճախ է զարգացել, քան սրտային անբավարարությունը։ Առաջին հինգ տարիների ընթացքում երիկամների քրոնիկ հիվանդության՝ սրտային անբավարարությունից ավելի շուտ ի հայտ գալու հավանականությունը կազմել է 19%, մինչդեռ որպես առաջին հիվանդություն սրտային անբավարարության զարգացման հավանականությունը եղել է 8,3%։
Ընդ որում, այս բարդություններից մեկի առաջացումն էապես մեծացրել է մյուսի հավանականությունը։ Այն պացիենտների շրջանում, որոնց մոտ նախ զարգացել է սրտային անբավարարություն, հաջորդ հինգ տարիներին երիկամների քրոնիկ հիվանդության ախտորոշման հավանականությունը կազմել է 42%։ Եթե առաջինն ի հայտ է եկել երիկամների քրոնիկ հիվանդությունը, ապա հինգ տարվա ընթացքում սրտային անբավարարության հետագա զարգացման վտանգը կազմել է 23%։
«Մեր արդյունքները հստակ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում որքան արագ է աճում 2-րդ տիպի շաքարային դիաբետի հետ կապված լուրջ բարդությունների վտանգը», - հայտարարել է Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Նավիդ Սաթարը, որը հետազոտության ղեկավարներից մեկն է։
Ըստ նրա, ճարպակալման, ճարպային փոխանակության խանգարումների, զարկերակային բարձր ճնշման և արյան մեջ շաքարի բարձր մակարդակի համադրությունը վնասում է արյան անոթներն ու կենսական կարևոր օրգանները։