13:13 28 սեպտեմբերի, 2026Շատակերությանն ու ավելորդ քաշին կարող է հանգեցնել ոչ թե ուտելիքի հանդեպ մշտական ուժեղ ձգտումը, այլ ուղեղի պարգևատրման համակարգի անկայուն աշխատանքը։ Ուտելիք տեսնելիս ուղեղի արձագանքը որքան ավելի կտրուկ տատանվեր, այնքան ավելի քաոսային էր դառնում սննդային վարքագիծը, ինչն էլ ուղղակիորեն ավելացնում էր մարմնի զանգվածը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Translational Psychiatry» ամսագրում։
Պարգևատրման առանցքային կենտրոնի՝ հարակից կորիզի (nucleus accumbens) ակտիվությունը չափելու նպատակով Թյուբինգենի համալսարանի գիտնականները հետազոտել են 79 կնոջ։ Նրանցից 35-ն ունեին շատակերության խանգարում, 21-ը՝ դրա թեթև ձևը, իսկ 23-ն ընդգրկված էին ստուգիչ խմբում։
Պարզվել է, որ որքան մեծ էին լինում ուղեղի ակտիվության տատանումները, այնքան բարձր էր ստացվում մարմնի զանգվածի ցուցանիշը։ Շատակերությամբ տառապող կանանց մոտ այս կամ այն ուտելիքն ստանալու ցանկության գնահատականը հատկապես կտրուկ էր փոփոխվում անորոշ իրավիճակներում։ Ընդ որում, այդ տատանումները նկատվում էին բացառապես պարգևատրման ու կոգնիտիվ վերահսկողության գոտիներում, այլ ոչ թե ուղեղի ամբողջ տարածքում։
Հատկանշական է, որ ազարտայինխաղերի ժամանակ նման անկայունություն չէր առաջանում, ինչը նշանակում է, որ այս երևույթը վերաբերում է միայն սննդին։ Սա լրիվ այլ անկյունից է ներկայացնում շատակերության խնդիրը․ հնարավոր է՝ պատճառը ոչ թե ուտելու անդադար ցանկությունն է, այլ «ազդանշանային համակարգի» անկանխատեսելի ու անկայուն աշխատանքը։ Այս առանձնահատկության ըմբռնումը կարող է օգնել սննդային խանգարումների բուժման նոր մեթոդներ մշակելուն՝ ոչ թե ուտելու ձգտումը լրիվ ճնշելու, այլ ուղեղի արձագանքն ավելի հավասարակշռելու միջոցով։
Սննդային վարքագծի ամենատարածված շեղումներից մեկի՝ շատակերության ժամանակ մարդը պարբերաբար կորցնում է սննդի ընդունման նկատմամբ վերահսկողությունը։ Թեև սա հաճախ բացատրում են թույլ կամքով կամ «համեղ» սննդի հանդեպ թուլությամբ, գնալով ավելի շատ տվյալներ են հաստատում, որ պատճառը ուղեղի աշխատանքի առանձնահատկություններն են։ Ուստի խնդրին ոչ թե ցանկության ուժգնության, այլ արձագանքի անկայունության տեսանկյունից նայելը կարող է արմատապես փոխել թերապիայի մոտեցումները։