Կայուն աշխատանքային զբաղվածությունը դանդաղեցնում է տարիքի հետ հիշողության վատթարացումը. A&D

23:17   28 սեպտեմբերի, 2026

Միջին տարիքում կայուն աշխատանքային զբաղվածությունը նպաստում է տարիքի հետ հիշողության և այլ ճանաչողական գործառույթների ավելի լավ պահպանմանը: Նման  եզրակացությանն են հանգել Կոլումբիայի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 2400 ամերիկացիների 16 տարվա տվյալները: Արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia (A&D) բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները վերլուծել են մասնակիցների զբաղվածության պատմությունը և գնահատել նրանց ճանաչողական գործառույթները: Նրանք պարզել են, որ անկայուն զբաղվածություն ունեցող տղամարդկանց շրջանում ճանաչողական թեստերի ցուցանիշները սպասվող մակարդակի համեմատ մոտ յոթ տարով համապատասխանել են ուղեղի ավելի արտահայտված ծերացմանը:

Այն կանանց շրջանում, որոնք վաղ են անցել թոշակի կամ երկար ժամանակ բացակայել են աշխատաշուկայից, նկատվել են հիշողության և ծրագրմանն ու որոշումների ընդունմանն առնչվող գործառույթների ավելի ցածր ցուցանիշներ: Հետազոտողների գնահատմամբ՝ նման առանձնահատկությունները կապված են եղել ուղեղի հավելյալ ծերացման հետ՝ մոտ վեց տարով:

Դիտարկման ժամանակահատվածի վերջում թեթև ճանաչողական խանգարումներ կամ դեմենցիա է զարգացել կանանց մոտավորապես 30%-ի և տղամարդկանց 31%-ի շրջանում:

Հետազոտողները կարծում են, որ ճանաչողական առողջության համար կարող է նշանակություն ունենալ բուն աշխատանքային գործունեության շարունակականությունը, այլ ոչ թե աշխատատեղի կայունության զգացումը: Ըստ հեղինակների՝ միջին տարիքում կանոնավոր զբաղվածությունը կարող է պահպանել մտավոր ակտիվությունը և դրանով իսկ կապված լինել ճանաչողական ծերացման դանդաղման հետ:

Ընդ որում՝ գիտնականներն ընդգծում են, որ հետազոտությունը ցույց է տալիս կապը, այլ ոչ թե ապացուցում ուղեղի վրա աշխատանքի ուղղակի ազդեցությունը: Ճանաչողական առողջության վրա կարող են ազդել նաև աշխատանքային պատմությանն ու ապրելակերպին առնչվող այլ գործոններ:



© NEWS.am Medicine