20:25 30 սեպտեմբերի, 2026Պարանոցի ավշային հանգույցների հեռացումը կարող է խախտել գլխուղեղից ողնուղեղային հեղուկի արտահոսքը և նպաստել ճանաչողական խանգարումների առաջացմանը։ Դրա մասին ասվում է ԱՄՆ Վեյլ Կորնելի բժշկական քոլեջի գիտնականների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Neuron գիտական հանդեսում։
Մասնագետները պարզել են, որ գլխի և պարանոցի քաղցկեղից տառապող բուժառուները, որոնք ենթարկվել են պարանոցային լիմֆադենեկտոմիայի՝ քաղցկեղի տարածումը նվազեցնելու նպատակով մոտակա ավշային հանգույցների հեռացման վիրահատության, ունեցել են ճանաչողական խանգարումների ավելի բարձր մակարդակ՝ ընդհանուր բնակչության համեմատ:
Նախակլինիկական հետազոտություններում գիտնականները ցույց են տվել, թե ինչպես կարող է այդ միջամտությունը խախտել ուղղեղը թափոններից մաքրելու համակարգը՝ հանգեցնելով հեղուկի կուտակման և օքսիդատիվ սթրես կոչվող մոլեկուլային գործընթացին, որը վնասում է բջջային սպիտակուցները և գործարկում բորբոքումը։
«Ձեր մարմինն ավշային հեղուկ է արտադրում՝ յուրաքանչյուր օրգանից, ներառյալ՝ ուղեղից, թափոնները լվանալու համար։ Եթե այդ համակարգում խափանում է առաջանում, բացասական հետևանքները կարող են ժամանակի ընթացքում կուտակվել»,- պարզաբանել է Վեյլ Կորնելի բժշկական քոլեջի ճառագայթային ուռուցքաբանության պրոֆեսոր դոկտոր Լաուրա Սանտամբրոջիոն:
Պարանոցի լիմֆեդեման՝ ավշային արտահոսքի խախտման հետևանքով առաջացած այտուցը, լիմֆադենեկտոմիայից հետո տարածված բարդություն է: Այնուամենայնիվ, ուղեղից ավշային հեղուկի հեռացման խախտումների հետևանքները մինչ այժմ մանրամասն չեն ուսումնասիրվել:
Հետազոտողները վերլուծել են 1035 բուժառուի գրառումները, որոնք առանց հավելյալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի ենթարկվել են պարանոցային լիմֆադենեկտոմիայի: Ճանաչողական խանգարումների մակարդակը բարձր է եղել համապատասխան տարիքային խմբերի գնահատականներից։
65 տարեկանից փոքր բուժառուների մոտ 18%-ը բախվել է ճանաչողական խանգարումների՝ միջամտությունից հետո երկու տարվա ընթացքում: Ընդհանուր բնակչության շրջանում այս տարիքային խմբում թեթև կամ ծանր ճանաչողական խանգարումների զարգացման ընդհանուր ռիսկը կազմում է 4–6%:
65 տարեկանից բարձր բուժառուների շրջանում վիրահատության խմբի 25%-ի մոտ զարգացել են ճանաչողական խանգարումներ՝ ի տարբերություն ընդհանուր բնակչության 10–22%-ի: Թեև արդյունքները վկայում են պարանոցային լիմֆադենեկտոմիայի և դրան հաջորդող ճանաչողական խանգարումների միջև կապի մասին, ուղղակի կապը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ:
Գիտնականներն ուսումնասիրել են նաև Մյունխենի տեխնիկական համալսարանի 59 բուժառուից բաղկացած երկրորդ խումբը, որն առանց ճառագայթային և քիմիաթերապիայի ենթարկվել է պարանոցային լիմֆադենեկտոմիայի: Այդ բուժառուներին վիրահատություններից առաջ և հետո արվել են ուղեղի մագնիսառեզոնանսային շերտգրություններ: Նկարները ցույց են տվել վիրահատությունից հետո փորոքների քունքային եղջյուրներ կոչվող կառույցի արագացված լայնացում, ինչը վկայում է ուղեղի ատրոֆիայի կամ սեղմման մասին։ Դա հատկապես արտահայտված է եղել, երբ ավշային հանգույցները հեռացվել են պարանոցի երկու կողմից էլ։
Կենսաբանական մեխանիզմները բացահայտելու համար հետազոտողները փորձեր են անցկացրել կենդանական մոդելների վրա: Երբ հեղուկն այլևս չէր կարող նորմալ հեռացվել ուղեղից, ուղեղի բջիջների մոտ նկատվել են բարձրացած օքսիդատիվ սթրեսի և բորբոքման հետ կապված սպիտակուցների աճի նշաններ։
Պարզվել է նաև, որ սինապսինի նման սպիտակուցները, որոնք մասնակցում են նեյրոնների միջև ազդանշանների փոխանցմանը, վնասվել և կպել են ու կուտակվել գնդիկների տեսքով։ Այս խիտ կուտակումները տարբերվել են Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ բետա-ամիլոիդային վահանիկներից և տաու-սպիտակուցի բարակ թելերից։
Ապագայում գիտնականները ծրագրում են անցկացնել պրոսպեկտիվ հետազոտություն, որը պարանոցային ավշային հանգույցների հեռացումից հետո ժամանակի ընթացքում կհետևի հիվանդներին: