Աշխարհի բնակչության 40%-ն այս տարի ենթարկվել է վտանգավոր օզոնի ազդեցությանը. ABC News

19:24   1 հոկտեմբերի, 2026

2026 թվականին Երկրի բնակչության գրեթե 40%-ը ենթարկվել է մակերևութային օզոնի վտանգավոր մակարդակի ազդեցությանը: Այդ խնդիրը հատկապես ուժեղ է ազդել Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի վրա: Դրա մասին ասվում է «Կոպեռնիկ» (CAMS) ծրագրի մթնոլորտի մոնիտորինգի ծառայության նոր զեկույցում, որի տեղեկությունները մեջբերում է ABC News-ը:

Մակերևութային օզոնը տարբերվում է Երկիրը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող օզոնային շերտից: Այդ աղտոտող նյութն առաջանում է անմիջապես մոլորակի մակերևույթին, երբ այլ աղտոտող նյութեր քիմիական ռեակցիաների մեջ են մտնում արևի լույսի և բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ: Հետևաբար, շոգի շրջանները կարող են ուժեղացնել օզոնային աղտոտվածությունը:

CAMS-ի տվյալներով՝ Հյուսիսային կիսագնդի մեծ մասում մակերևութային օզոնի խտության աստիճանը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները: Ամենալուրջ իրավիճակը ստեղծվել է Ասիայում, որտեղ աղտոտող նյութերի բարձր խտությունները կապված են արդյունաբերության, տրանսպորտի, քաղաքների ընդլայնման և տնտեսական ակտիվության հետ:

«Օզոնային աղտոտվածությունը խիստ հիշեցում է նրա մասին, թե որքան փոխկապակցված են մեր մթնոլորտը, կլíման, առողջությունը և կենսապահովման միջոցները»,-  հայտարարել է CAMS-ի տնօրեն Լորանս Ռուիլը: Նրա համոզմամբ՝ օդի աղտոտվածությունը և կլիմայի փոփոխությունն ազդում են օդի բաղադրության, էկոհամակարգերի վիճակի և գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու հնարավորության վրա:

Հյուսիսային Ամերիկայում իրավիճակը վերջին տարիներին գործնականում չի բարելավվել՝ չնայած արտանետումների կրճատմանն ուղղված միջոցներին: Հետազոտողները դա կապում են նաև անտառային հրդեհների և կլիմայի փոփոխության հետ: Հրդեհների ծուխը պարունակում է օզոն առաջացնող նյութեր և այլ աղտոտիչներ ու ունակ է տեղափոխվել հազարավոր կիլոմետրեր:

Ընդ որում, Օվկիանիան մնում է օդի առավել բարենպաստ որակ ունեցող տարածաշրջաններից մեկը. ըստ CAMS-ի զեկույցի՝ Օվկիանիայի ամբողջ բնակչությունն ապրում է օզոնային աղտոտվածության լավ կամ բավարար մակարդակ ունեցող տարածքներում:

Atmosphere Watch զեկույցն ընդգրկում է 2026 թվականի առաջին ութ ամիսները: Դրա հեղինակներն ընդգծում են, որ օդի աղտոտվածությունը մնում է գլոբալ խնդիր. ԱՀԿ-ի տվյալներով՝ մոլորակի բնակչության մոտ 99%-ն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ օդի որակը չի համապատասխանում դրա հանձնարարականներին:



© NEWS.am Medicine