23:35 1 հոկտեմբերի, 2026Թաիլանդի առողջապահության նախարարությունը զգուշացրել է լեպտոսպիրոզի (առնետային տենդի) տարածման վտանգի մասին բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են ջրհեղեղի գոտում՝ Բանգկոկում և երկրի այլ տարածքներում:
Բանգկոկում լրագրողների հետ զրույցում հիվանդությունների վերահսկման դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ, դոկտոր Դիրեկ Քհամփհենը կոչ է արել խուսափել հեղեղաջրերի, կեղտի կամ կանգնած ջրի մեջ երկար գտնվելուց՝ վարակից խուսափելու համար: Առնետային տենդի մահացության ցուցանիշը կազմում է հիվանդացածների թվի 1,39%-ը:
«Նրանք, ովքեր ստիպված են մտնել հեղեղված տարածքներ կամ զբաղվել տներն ու տարածքները ջրի նահանջից հետո մաքրելով, պետք է ռետինե երկարաճիտ կոշիկներ կամ՝ անհրաժեշտության դեպքում՝ ոտքերին մաքուր պոլիէթիլենային տոպրակներ հագնեն՝ կանխելու համար ջրի հետ մաշկի անմիջական շփումը»,- ասել է մասնագետը:
Դեպարտամենտի փոխղեկավարը խորհուրդ է տվել նաև բոլոր նրանց, ովքեր ստիպված են շփվել հեղեղաջրերի հետ, կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը օճառով և ցնցուղ ընդունել:
Տարերքը Բանգկոկում առաջին օրը չէ, որ մոլեգնում է: Մեկ օրվա ընթացքում առանձին շրջաններում տեղումների քանակը հասել է մինչև 210 մմ-ի: Ջուրը դուրս է եկել տասնյակ փողոցներ, երթևեկությունը գործնականում կաթվածահար է եղել: Ոմանք տեղաշարժվելու համար նավակներ են ընտրում: Ինչպես հստակեցվում է, հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի արևելքում. այնտեղ ջրանցքները լցվել են, և ջուրը դադարել է հեռանալ փողոցներից:
Տեղական իշխանությունները բնակիչներին խնդրել են իրերն ու տեխնիկան բարձրացնել ավելի բարձր տեղեր և հնարավորության դեպքում դուրս չգալ ճանապարհ: Վատ եղանակի պատճառով առկա է քաղաքի երկու՝ Սուվարնաբհումի և Դոնմիանգ օդանավակայաններում չվերթների հետաձգման վտանգ: Քաղաքային ծառայությունները շուրջօրյա դատարկում են ջուրը և մաքրում ջրանցքները: