18:14 2 հոկտեմբերի, 2026Ողնաշարի ոսկորների հանքային խտության նվազումը կարող է կապված լինել տարեց մարդկանց ուղեղի սպիտակ նյութի վիճակի հետագա վատթարացման և կոգնիտիվ ֆունկցիաների նվազման հետ։ Այսպիսի եզրահանգման են եկել Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Radiology ասագրում։
Հետազոտությանը մասնակցել է 715 մարդ, որոնք չեն ունեցել սրտանոթային հիվանդություններ, և որոնց միջին տարիքը 69 էր: Հետազոտողները կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի տվյալներ և խոր ուսուցման մոդելներ են օգտագործել կրծքի հատվածում ողնաշարի ոսկրային հանքային խտությունը գնահատելու համար:
Այնուհետև գիտնականները հետազոտության ընթացքում համեմատել են այդ չափումներն ուղեղի կառուցվածքի և կոգնիտիվ ֆունկցիայի փոփոխությունների հետ:
Պարզվել է, որ ոսկրային խտության ցածր մակարդակը կապված է ուղեղի որոշակի շրջաններում սպիտակ նյութի ամբողջականության ավելի արագ անկման հետ: Մասնակիցների մոտ նաև սպիտակ նյութի գերինտենսիվության ավելի արագ կուտակում է գրանցվել՝ փոփոխություններ, որոնք հաճախ նկատվում են տարիքի հետ և կապված են ուղեղի անոթային առողջության հետ:
Բացի այդ, ոսկրային հանքային խտության ցածր մակարդակը կապված է եղել ընդհանուր կոգնիտիվ ցուցանիշների և կոգնիտիվ թեստերի արդյունքների ավելի արագ անկման հետ։ Միևնույն ժամանակ, ոսկրային խտության և ուղեղի սպիտակ նյութի փոփոխությունների միջև սկզբնական կապը չի պահպանվել վիճակագրական ճշգրտումից հետո, ուստի արդյունքները պետք է մեկնաբանվեն զգուշությամբ։
Հետազոտողները նաև պարզել են, որ դիաբետը ամրապնդել է ոսկրային ցածր խտության և սպիտակ նյութի փոփոխությունների կուտակման միջև կապը։
Հեղինակները նշել են, որ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան հաճախ կատարվում է տարբեր բժշկական ցուցումների համար։ Ջոնս Հոփքինսի համալսարանից Սառա Մոմտազմանեշի խոսքով՝ նման ուսումնասիրությունները կարող են միաժամանակ տեղեկատվություն տրամադրել ողնաշարի ոսկրային հյուսվածքի առողջության մասին և բացահայտել հետագա կոգնիտիվ անկման բարձր ռիսկի ենթարկված անհատներին։
Միևնույն ժամանակ, հետազոտությունը ցույց է տալիս կապը, բայց չի ապացուցում, որ ոսկորների խտության նվազումն ուղղակիորեն առաջացնում է ուղեղի աշխատանքի վատթարացում։