Օրական 40 գրամ ընկույզ ուտելը նպաստում է ընդհանուր էմոցիոնալ վիճակի բարելավմանը․ «Food & Function»

15:21   3 հոկտեմբերի, 2026

Ութ շաբաթ շարունակ օրական 40 գրամ ընկույզ ուտելը նպաստել է երիտասարդների ընդհանուր հուզական վիճակի բարելավմանը։ Գիտնականները փոփոխություններ են արձանագրել նաև սերոտոնինի նյութափոխանակության ցուցանիշներում և այն մետաբոլիտների մակարդակներում, որոնք առաջանում են աղիքային մանրէների կողմից ընկույզի բաղադրիչները մարսելու արդյունքում։ Հետազոտության արդյունքները լույս են տեսել Food & Function ամսագրում։

Ուսումնասիրությանը մասնակցել է 20-ից 35 տարեկան 31 առողջ մարդ։ Նրանց միջին տարիքը կազմել է 24 տարեկան, իսկ մոտ 90 տոկոսը եղել են կանայք։

Ութ շաբաթ շարունակ մասնակիցներն ամեն օր ընթրիքին կերել են 40-ական գրամ ընկույզ կամ, հակառակը, իրենց սննդակարգից իսպառ բացառել են ընկույզն ու դրանից պատրաստված մթերքները։ Երկշաբաթյա դադարից հետո խմբերը տեղերով փոխվել են։ Երկու դեպքում էլ նրանց խորհուրդ էր տրվում հետևել միջերկրածովյան սննդակարգին։

Ընկույզ ուտելու շրջանից հետո հուզական անբարենպաստ վիճակի ընդհանուր ցուցանիշը միջինը 4,85 միավորով ավելի ցածր է եղել, քան վերահսկիչ փուլում։ Գիտնականներն արձանագրել են նաև դյուրագրգռության ու հոգնածության նվազում, թեև վիճակագրական ճշգրտումներից հետո այդ տարբերություններն այլևս էական չեն համարվել։

Միաժամանակ մասնակիցների մեզի մեջ ավելացել է սերոտոնինի տրոհման հիմնական արգասիքի՝ 5-հիդրօքսիինդոլքացախաթթվի (5-HIAA) խտությունը։ Այս նյութի բարձր մակարդակն իր հերթին կապված է եղել տրամադրության խանգարումների նվազման հետ։ Սակայն կորտիզոլի մակարդակը, սթրեսի ընկալումն ու ինքնազգացողությունը գրեթե չեն փոխվել։

Մասնակիցների մոտ բարձրացել է նաև A և B ուրոլիտինների խտությունը. սրանք նյութեր են, որոնք արտադրվում են աղիքային միկրոֆլորայի կողմից՝ ընկույզում պարունակվող պոլիֆենոլները մարսելիս։ Այս երկու մետաբոլիտների աճը միաժամանակ զուգակցվել է 5-HIAA-ի խտության ավելացմամբ։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այս արդյունքներն ամենևին չեն ապացուցում, թե ընկույզն ուղղակիորեն բարձրացնում է գլխուղեղում սերոտոնինի մակարդակը։ Մեզի մեջ առկա 5-HIAA-ն արտացոլում է սերոտոնինի նյութափոխանակությունն ամբողջ օրգանիզմում և կախված է նաև ուղեղից դուրս ընթացող պրոցեսներից։ Գիտնականները չեն չափել սերոտոնինային համակարգի ակտիվությունն անմիջապես կենտրոնական նյարդային համակարգում։

Նրանք նաև մատնանշում են հետազոտության որոշակի սահմանափակումները. ուսումնասիրությանը մասնակցել է երիտասարդների համեմատաբար փոքր խումբ, որի մեծ մասը կանայք են եղել։ Բացի այդ, այն բաց բնույթ է կրել, ուստի մասնակիցների ակնկալիքները նույնպես կարող էին իրենց ազդեցությունն ունենալ արդյունքների վրա։

Մասնագետների համոզմամբ՝ ստացված տվյալները վկայում են ընկույզի օգտագործման, աղիքային միկրոֆլորայի արտադրած մետաբոլիտների և սերոտոնինի նյութափոխանակության միջև հնարավոր կապի մասին։ Սակայն արդյունքները վերջնականապես հաստատելու համար ավելի ծավալուն և երկարաժամկետ դիտարկումներ են պետք՝ տարբեր տարիքային խմբերի ընդգրկմամբ։



© NEWS.am Medicine