Current Developments in Nutrition. Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են ամբողջական մրգեր ուտում

12:46   4 հոկտեմբերի, 2026

Բարձր զարկերակային ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ, սրտի իշեմիկ հիվանդություն կամ ինֆարկտ տարած մարդիկ ավելի հազվադեպ են հայտնել ամբողջական մրգերի օգտագործման մասին, քան այս վիճակները չունեցող անձինք: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի հետազոտողները՝ վերլուծելով առողջական վիճակի վերաբերյալ հարցման ավելի քան 371 հազար մասնակիցների տվյալները:

Հետազոտությունը հրապարակվել է Current Developments in Nutrition ամսագրում: Գիտնականներն օգտագործել են ամերիկյան Behavioral Risk Factor Surveillance System (BRFSS) համակարգի 2019 թվականի տվյալները: Նախնական ընտրանքի մեջ ներառվել է ավելի քան 418 հազար մեծահասակ, իսկ պակասող տվյալներով մասնակիցներին բացառելուց հետո վերլուծության համար մնացել է 371 038 մարդ:

Հետազոտողները համեմատել են, թե որքան հաճախ են մարդիկ օգտագործել ամբողջական մրգեր և հարյուր տոկոսանոց մրգահյութ, ինչպես նաև համադրել են այդ ցուցանիշները ռիսկի գործոնների և սիրտ-անոթային հիվանդությունների՝ բարձր ճնշման, բարձր խոլեստերինի, ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի առկայության հետ:

Միջին հաշվով, մասնակիցները հայտնել են ամբողջական մրգեր օրական 1,06 անգամ, իսկ մրգահյութ՝ 0,3 անգամ օգտագործելու մասին: Ընդ որում, բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ, սրտի իշեմիկ հիվանդություն կամ ինֆարկտ տարած մարդիկ ավելի հազվադեպ են ամբողջական մրգեր օգտագործել, քան համապատասխան հիվանդություններ կամ ռիսկի գործոններ չունեցող մասնակիցները:

Հարցումն արձանագրում էր օգտագործման հաճախականությունը, այլ ոչ թե կերած մրգերի կամ խմած հյութի քանակը:

Հետազոտողները հաշվի չեն առել որոշ կարևոր գործոններ, ներառյալ ֆիզիկական ակտիվությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, բանջարեղենի և ամբողջահատիկ մթերքների օգտագործումը: Հեղինակները կարծում են, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ սիրտ-անոթային առողջության և ամբողջական մրգերի ու հյութի օգտագործման միջև կապն ավելի լավ հասկանալու համար:



© NEWS.am Medicine