ԱՄՆ-ում երեխաների և դեռահասների մոտ հաստ աղիքի քաղցկեղն ավելի ու ավելի հաճախ է հայտնաբերվում ուշ փուլերում․ գիտնականներ

08:47   5 հոկտեմբերի, 2026

ԱՄՆ-ում երեխաների և դեռահասների մոտ հաստ ու ուղիղ աղիքի (կոլորեկտալ) քաղցկեղը շարունակում է մնալ հազվադեպ հանդիպող հիվանդություն, սակայն այն ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում, ընդ որում՝ հիմնականում արդեն ուշ փուլերում։ Այս եզրահանգմանն են եկել Սան Դիեգոյում Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի համաժողովին ներկայացված հետազոտության հեղինակները, գրում է Health Day-ը։

Հետազոտողներն ուսումնասիրել են 2012-2023 թվականներին 34 բժշկական կենտրոններում կոլորեկտալ քաղցկեղ ախտորոշված մինչև 21 տարեկան 84 պացիենտի հիվանդության պատմություն։ Ախտորոշման պահին պացիենտների միջին տարիքը եղել է 16,5 տարեկան։ Ուռուցքների շուրջ 77%-ն առաջացել է հաստ աղիքում, իսկ մնացածը՝ ուղիղ աղիքում։

Պացիենտների ավելի քան կեսի՝ 51%-ի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է III փուլում, իսկ ևս 29%-ի մոտ՝ IV փուլում։ Այսպիսով, դեպքերի շուրջ 80%-ն ախտորոշվել է արդեն բավականին զարգացած փուլում։ Հետագայում պացիենտների գրեթե 37%-ի մոտ արձանագրվել է հիվանդության կրկնություն (ռեցիդիվ), իսկ 45,2%-ը հետազոտության ավարտի դրությամբ մահացել է կոլորեկտալ քաղցկեղից։

Ամենատարածված ախտանիշներն են եղել որովայնի կամ մեջքի ցավերը․ դրանք նկատվել են պացիենտների 73,8%-ի մոտ։ 45,2%-ի մոտ նկատվել է աղիների գործունեության փոփոխություն, 42,9%-ի մոտ՝ քաշի անբացատրելի կորուստ, իսկ 38,1%-ի մոտ՝ արյունահոսություն ուղիղ աղիքից։ Ախտանիշների ի հայտ գալուց մինչև ախտորոշումը միջինում անցել է շուրջ 12 շաբաթ։

Հեղինակները նշում են, որ երեխաների և դեռահասների մոտ նման ախտանիշների դեպքում կոլորեկտալ քաղցկեղի հավանականությունը հազվադեպ է հաշվի առնվում, ինչի պատճառով էլ ախտորոշումը հաճախ ուշանում է։ Ընդ որում, մասնակիցների միայն 20,2%-ն է նշել առաջին կամ երկրորդ աստիճանի ազգակցական կապ ունեցող որևէ հարազատի մասին, որն ունեցել է այս հիվանդությունը։ Պացիենտների մեծ մասը չի ունեցել հայտնի ընտանեկան ախտանշաններ կամ նախկինում ախտորոշված որևէ համախտանիշ, որը կբարձրացներ քաղցկեղի առաջացման ռիսկը։

«Ցավոք, կոլորեկտալ քաղցկեղն ավելի տարածված է դառնում դեռահասների և երիտասարդների շրջանում», — նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Nationwide Children's Hospital-ի մանկական հյուսվածքաբանության և վիրաբուժության մասնագետ Էրիկա Արնոլդը։ Նրա խոսքով՝ դեռահասների մոտ հիվանդությունը հաճախ ընթանում է ագրեսիվ ձևով, հայտնաբերվում է ուշ փուլերում և ուղեկցվում է կրկնման ու մահվան բարձր ռիսկով։

Հետազոտողները բժիշկներին հորդորում են չբացառել կոլորեկտալ քաղցկեղի հավանականությունը չանցնող ախտանիշների, մասնավորապես՝ որովայնի ցավերի և ուղիղ աղիքից արյունահոսության դեպքում, նույնիսկ եթե պացիենտը շատ երիտասարդ է։

Միևնույն ժամանակ, այս տարիքային խմբում հիվանդությունը շարունակում է մնալ ծայրահանդիպ հազվադեպ․ ԱՄՆ-ում միջին ռիսկային խմբում գտնվող մարդկանց պլանային սկրինինգը սովորաբար սկսվում է միայն 45 տարեկանից։



© NEWS.am Medicine