ԱՄՆ-ում վիրաբույժները քաղցկեղով հիվանդ կնոջ առողջ ոտքն են ամպուտացրել․ NYP

10:41   5 հոկտեմբերի, 2026

ԱՄՆ Օհայո նահանգում բժիշկները վիրահատության ժամանակ պատահաբար ամպուտացրել են կնոջ առողջ ոտքը։ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին Շերոն Ջեքսը պետք է վիրահատվեր՝ հիվանդության պատճառով աջ ոտքը ծնկից ցածր հատելու համար, սակայն արթնանալուց հետո պարզել է, որ զրկվել է ձախ ոտքից։ Կինը հայց է ներկայացրել վիրաբույժի, վիրահատական թիմի անդամների և հիվանդանոցի դեմ, հայտնում է New York Post-ը։

64-ամյա Շերոն Ջեքսի աջ ոտքը ծնկից ցածր պետք է ամպուտացնեին մաշկի տափակբջջային քաղցկեղի (squamous cell carcinoma) պատճառով։ Բժշկական փաստաթղթերի համաձայն՝ վիրահատությունից առաջ վիրաբույժը ճիշտ նշագրել էր այն ոտքը, որը ենթակա էր հեռացման։ Սակայն միջամտության ընթացքում բժիշկները հատել են հակառակ ոտքը։ Ընդ որում, աջ ոտքի վրայի նշումը, որն ի սկզբանե նախատեսվում էր վիրահատել, մնացել էր անփոփոխ։

Տափակբջջային քաղցկեղը սովորաբար սկսվում է մաշկի վերին շերտի բջիջներից։ Ձեռքերի և ոտքերի վրա ուռուցքը կարող է ունենալ երկար ժամանակ չսպիացող վերքի, պինդ կամ թեփոտվող հանգույցի, կեղևի կամ մաշկի փոփոխված հատվածի տեսք։ Ավելի ագրեսիվ կամ բարձիթողի քաղցկեղի դեպքում ուռուցքը կարող է ավելի խորը աճել՝ թափանցելով ենթամաշկային հյուսվածքներ, մկաններ, նյարդեր և այլ կառույցներ:

Ինչպես նշվում է դատական հայցում, նախքան վիրահատությունն սկսելը բժշկական թիմը երկու անգամ անցկացրել է պարտադիր ստուգման ընթացակարգը, որը հայտնի է որպես վիրաբուժական «թայմ-աուտ»։ Դրա ընթացքում պետք է հաստատվեն պացիենտի ինքնությունը, սպասվող վիրահատության տեսակն ու միջամտության ճիշտ տեղը։ Չնայած այս ստուգումներին՝ սխալը չի հայտնաբերվել նախքան ամպուտացիան սկսելը։

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ հեռացվել է սխալ ոտքը, բժիշկները ստիպված են եղել ամպուտացնել նաև աջը՝ այն, որն իսկապես վիրահատման կարիք ուներ։ Արդյունքում Ջեքսը զրկվել է երկու ոտքից էլ։

Սելբիի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում հաստատել են, որ 2025 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել լուրջ վիրաբուժական պատահար։ Հաստատությունից հայտնել են, որ ներքին ստուգումը ցույց է տվել, որ կատարվածը հնարավոր էր կանխել, իսկ վիրահատարանում անվտանգության ստանդարտ ընթացակարգերը չեն պահպանվել։

Հիվանդանոցի ներկայացուցիչների խոսքով՝ սխալի համար պատասխանատու աշխատակիցներն այլևս չեն աշխատում հաստատությունում։ Դեպքից հետո ղեկավարությունը նաև լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը կանխելու համար։



© NEWS.am Medicine