Մեկ ուռուցքային բջիջ հարյուր հազարավորների մեջ. Ինչպես են նոր թեստերն օգնում վերահսկել լեյկոզների բուժումը

16:38   5 հոկտեմբերի, 2026

Քիմիաթերապիայի կուրսից հետո բժիշկների համար բավարար չէ պարզապես իմանալ, որ պացիենտի ինքնազգացողությունը լավացել է, իսկ ընդհանուր անալիզների արդյունքները նորմայի սահմաններում են։ Արյան որոշ հիվանդությունների դեպքում օրգանիզմում կարող են պահպանվել եզակի ուռուցքային բջիջներ, որոնք առայժմ անհնար է հայտնաբերել սովորական մեթոդներով։ Սակայն հենց դրանք կարող են հիվանդության կրկնության պատճառ դառնալ։

Նման դեպքերի համար կիրառվում են նվազագույն մնացորդային հիվանդության (MRD) գնահատման մեթոդները. դրանք թույլ են տալիս հայտնաբերել ուռուցքի հետքերը անգամ այն դեպքում, երբ արյան կամ ոսկրածուծի բջիջների ճնշող մեծամասնությունն արդեն առողջ է։

Inogene կենսատեխնոլոգիական ընկերությունը մշակում և արտադրում է ախտորոշիչ համակարգեր և ռեագենտներ՝ օնկոհեմատոլոգիայի ոլորտում մոլեկուլային ախտորոշում իրականացնելու համար. դրանց օգնությամբ կարելի է փնտրել ուռուցքային բջիջներին բնորոշ գենետիկական փոփոխությունները։ Ընկերության գլխավոր տնօրեն Իլդար Բարխատովի խոսքով՝ նման համակարգերի զգայունությունը կարող է հասնել 10⁻⁵-ի, ինչը նշանակում է, որ հնարավոր է մոտավորապես մեկ ուռուցքային բջիջ հայտնաբերել տասնյակ կամ անգամ հարյուր հազարավոր առողջ բջիջների մեջ։

Սա կարևոր է ոչ միայն բուժման արդյունավետությունը հասկանալու համար։ Նման հետազոտության արդյունքները բժշկին օգնում են նաև գնահատել հիվանդության ընթացքի կանխատեսումն ու ճիշտ ընտրել հետագա թերապիան։

Փնտրել ոչ թե բուն ուռուցքը, այլ դրա գենետիկական հետքը

Առաջին հայացքից խնդիրը բավականին պարզ է թվում. վերցնել արյուն կամ ոսկրածուծ, գտնել ուռուցքային բջիջներն ու հաշվել դրանց քանակը։ Սակայն գործնականում ամեն ինչ ավելի բարդ է։ Բուժումից հետո ուռուցքային բջիջների քանակը կարող է այնքան նվազել, որ դրանց անմիջական հայտնաբերումը չափազանց դժվարանում է։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Իլդար Բարխատովը պատմել է, որ նմուշից անջատում են բոլոր բջիջների ԴՆԹ-ն կամ ՌՆԹ-ն, ապա այդ հսկայական զանգվածի մեջ փնտրում են ուռուցքին բնորոշ հստակ գենետիկական փոփոխություններ։

Նման մուտացիայի հայտնաբերման դեպքում հետազոտողները կարող են պարզել, թե ուսումնասիրված ԴՆԹ-ի ընդհանուր ծավալում որքան է կազմում մուտացված ԴՆԹ-ի բաժինը։ Սա թույլ է տալիս գնահատել առողջ բջիջների շարքում ուռուցքային բջիջների համամասնությունը։

Այլ կերպ ասած՝ լաբորատորիաներին պարտադիր չէ նախ գտնել բուն ուռուցքային բջիջը։ Երբեմն բավական է միայն հայտնաբերել դրա յուրահատուկ գենետիկական դրոշմը։

Գոյություն ունի նաև այլ մոտեցում. նախ ուռուցքային բջիջներն առանձնացնել ըստ մակերեսային մարկերների, ապա նոր դրանք ենթարկել գենետիկական հետազոտության։ Սակայն, ինչպես նշում է Բարխատովը, գործնականում նման մեթոդը համեմատաբար հազվադեպ է կիրառվում և առավելապես ծառայում է հետազոտական նպատակների։

Ինչո՞ւ է պետք իմանալ՝ մնացել են արդյոք եզակի բջիջներ

Նվազագույն մնացորդային հիվանդությունը հատկապես կարևոր նշանակություն ունի արյան հիվանդությունների, այդ թվում՝ տարատեսակ լեյկոզների բուժումից հետո։

Պատկերացնենք պացիենտի, որն անցել է քիմիաթերապիայի կուրս կամ փոխպատվաստում։ Ուռուցքային բջիջների հիմնական զանգվածը ոչնչացված է։ Ըստ սովորական ցուցանիշների՝ կարող է թվալ, թե բուժումն արդյունավետ է եղել։ Բայց եթե օրգանիզմում պահպանվել է ուռուցքային բջիջների անգամ մի շատ փոքր խումբ, հիվանդությունը հետագայում կարող է կրկնվել։

Որքան զգայուն է մեթոդը, այնքան ավելի վաղ կարելի է նկատել այդ մնացորդային հետքը։

Այդ իսկ պատճառով MRD-ն կիրառվում է միանգամից մի քանի խնդիր լուծելու նպատակով՝ իրականացված բուժման արդյունավետության գնահատում, ըստ ռիսկի խմբերի պացիենտների շերտավորում և հիվանդության հետագա ընթացքի կանխատեսում։

Դրա համար հատկապես կարևոր է անալիզի վերարտադրելիությունը. եթե պացիենտը նմուշներ է հանձնում տարբեր լաբորատորիաներում, ապա արդյունքները պետք է լինեն համադրելի։

Ինչո՞ւ միևնույն անալիզը կարող է տարբեր արդյունքներ տալ

Հենց այստեղ է առաջանում այն խնդիրը, որն առաջին հայացքից կարող է անսպասելի թվալ։

Տարբեր լաբորատորիաներ կարող են օգտագործել իրենց սեփական ռեագենտները, սարքավորումները, մեթոդիկաներն ու ներքին ստանդարտները։ Արդյունքում՝ անգամ բավականին սովորական հետազոտությունները տարբեր լաբորատորիաներում երբեմն տարբերվող ցուցանիշներ են տալիս։

Ուռուցքների բարձր զգայունությամբ ախտորոշման պարագայում սա հատկապես վճռորոշ է։ Երբ խոսքը հարյուր հազարավոր բջիջների մեջ չնչին քանակությամբ բջիջներ փնտրելու մասին է, մեթոդաբանության մեջ եղած աննշան տարբերությունները կարող են շատ ավելի մեծ նշանակություն ունենալ։

Հետևաբար, Inogene ընկերությունը լաբորատորիաներին այլ մոտեցում է առաջարկում. փոխանակ յուրաքանչյուր լաբորատորիա ինքնուրույն մշակի իր մեթոդիկան, ընկերությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ մեթոդական լուծումներ և օգնել աշխատանքների կազմակերպման հարցում։

«Մեզ համար շատ ավելի հեշտ է այդ ԴՆԹ-կալիբրատորներից մի ամբողջ դույլ պատրաստել ողջ երկրի համար, քան եթե դուք առանձին-առանձին այդ ամենը ներդնեք ձեզ մոտ»,— բացատրում է Բարխատովը։

Բանը միայն հարմարությունը չէ։ Եթե տարբեր լաբորատորիաներ օգտագործեն միևնույն ռեագենտներն ու ստանդարտացված մոտեցումները, կոնկրետ պացիենտի հետազոտության արդյունքները շատ ավելի հեշտ կլինի համեմատել միմյանց հետ։

Մուտացիայից՝ դեպի դեղամիջոցի ընտրություն

Գենետիկական ախտորոշումն անհրաժեշտ է ոչ միայն մնացորդային ուռուցքային բջիջների որոնման համար։

Որոշ ժամանակակից դեղամիջոցներ գործում են միայն ուռուցքում որոշակի գենետիկական փոփոխության առկայության դեպքում։ Այդպիսի դեղամիջոցներն անվանում են թիրախային (տարգետային). դրանք նախատեսված են կոնկրետ մոլեկուլային թիրախի համար։

Ուստի մուտացիայի հայտնաբերումը կարող է ունենալ անմիջական գործնական նշանակություն. եթե համապատասխան գենետիկական փոփոխությունը չկա, որոշակի թիրախային դեղամիջոց կարող է ցուցված չլինել։

Սակայն այստեղ ևս չի կարելի ամեն ինչ հանգեցնել «գտանք մուտացիան, ստացանք դեղամիջոցը» պարզունակ սխեմային։ Ինչպես ընդգծում է Բարխատովը, ամենևին ոչ բոլոր գենետիկական շեղումներն են միանշանակ կապված կոնկրետ դեղամիջոցի արդյունավետության հետ։

Ընկերության ներկայիս հավաքածուներում կան մոտ 30 հետազոտվող մուտացիաներ, որոնցից չորսը, ըստ Բարխատովի, հստակորեն փոխկապակցված են որոշակի թիրախային դեղամիջոցների նշանակման հետ։

Այսպիսով, միևնույն հետազոտությունը կարող է պատասխանել միանգամից երկու կարևոր հարցի՝ արդյո՞ք բուժումից հետո մնացել է ուռուցքը, և արդյո՞ք այն ունի այնպիսի մոլեկուլային առանձնահատկություն, որը հնարավոր է դարձնում կոնկրետ թերապիայի կիրառումը։

Ինչո՞ւ է ընկերությունը հետաքրքրվում Հայաստանով
Inogene ընկերությունը մասնակցել է հոկտեմբերի 2-ից 4-ը Երևանում անցկացված MedMeet ցուցահանդեսին։ Այժմ ընկերությունը դիտարկում է հայկական լաբորատորիաների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը։

Բարխատովը նշել է, որ խոսքը պարզապես ախտորոշիչ հավաքածուների վաճառքի մասին չէ։ Ընկերությունը պատրաստակամ է օգնել լաբորատորիաներին՝ գրեթե զրոյից կազմակերպելու համապատասխան ուղղության աշխատանքները. տրամադրել մեթոդական ցուցումներ, վերապատրաստել մասնագետներին և օգնել հասկանալ, թե ինչ սարքավորումներ է անհրաժեշտ ձեռք բերել։

Ընդ որում, բուն տեխնոլոգիան և սարքավորումները չեն վաճառվում. նման օգնությունը տրամադրվում է անհատույց հիմունքներով։

Լաբորատորիայի համար ծախսերն առաջանում են արդեն մշտական աշխատանքի փուլում, երբ անհրաժեշտ է լինելու ձեռք բերել ռեագենտներ։

Inogene-ի համար սա մի մոդել է, որտեղ հիմնական հետաքրքրությունը ոչ թե անմիջական վաճառքն է, այլ սեփական ախտորոշիչ տեխնոլոգիայի տարածումը։

«Ինձ շատ դուր է գալիս, երբ ինչ-որ մեկն օգտագործում է մեր լուծումներից որևէ մեկը»,— ասում է Բարխատովը։ Նրա խոսքով՝ այս մոդելում գումարն անհրաժեշտ է նախևառաջ ընկերության հետագա աճն ապահովելու համար։


© NEWS.am Medicine