Ատամնաբուժական ռետրակտորը պիտանի է դարձել նաև կլինիկայից դուրս. ռուսական ընկերությունը ստեղծել է էժան այլընտրանք

10:34   6 հոկտեմբերի, 2026

Ատամնաբուժական միջամտությունների ժամանակ շուրթերն ու այտերը ֆիքսող սարքը սովորաբար կարելի է տեսնել բժշկի կաբինետում: Սակայն այս սարքն ունի նաև անսպասելի սպառողներ․ ծնողները նման ռետրակտորներ են գնում երեխաների ատամները մաքրելու համար, իսկ շատերն էլ դրանք օգտագործում են բրեկետների խնամքի նպատակով։

Ռետրակտորի դերը բավականին պարզ է․ հետ քաշել շուրթերն ու այտերը և պահել այդ վիճակում, որպեսզի ատամնաբույժի համար աշխատելն ավելի հարմար լինի։ Սա օգտակար է նաև պացիենտի համար․ շուրթերը հեռու են մնում աշխատանքային գոտուց և քիչ են շփվում բուժման ընթացքում օգտագործվող նյութերի հետ։ Բացի այդ, երկարատև միջամտությունների ժամանակ սարքն օգնում է խուսափել շուրթերի չորացումից, հետևաբար՝ նաև ճաքերից ու միկրովնասվածքներից։

Սանկտ Պետերբուրգի «Diamed» ընկերությունը մշակել է այս սարքի սեփական տարբերակը և այժմ գործընկերներ է փնտրում դրա տարածման համար (այդ թվում՝ Հայաստանում)։ Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելաշովի խոսքով՝ ռուսական ռետրակտորը ստեղծվել է ատամնաբույժների առաջարկների ու ցանկությունների հիման վրա և մոտ երկու անգամ էժան է գերմանական նմանօրինակից։

Ատամնաբուժական աթոռից մինչև տան լոգասենյակ

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Բելաշովը պատմեց, որ ի սկզբանե ռետրակտորը ստեղծվել է հենց մասնագիտական ատամնաբուժության համար։ Այն ֆիքսում է շուրթերն ու այտերը հետ քաշված վիճակում՝ դրանով իսկ հեշտացնելով ատամների նկատմամբ բժշկի հասանելիությունը։ Սակայն սխալ կլիներ այն անվանել բերանն ամբողջությամբ բաց պահող սարք․ դրա համար գոյություն ունեն այլ հարմարանքներ, որոնք ամրանում են ատամներին։ Ռետրակտորի հիմնական խնդիրը փափուկ հյուսվածքները պահելն է։

Սակայն վերջերս ընկերությունը նկատել է պահանջարկի մի անսպասելի առանձնահատկություն։ Պարզվել է, որ առցանց հարթակներում ռետրակտորներ գնում են սովորական մարդիկ, այդ թվում՝ ծնողները։

«Մասնավոր կարգով դա օգտագործում են երեխաներին ատամները մաքրելուն վարժեցնելու համար», — պատմում է Բելաշովը։

Ծնողներն ինքնուրույն տեղադրում են սարքը, որպեսզի ավելի հեշտ լինի հասնել երեխայի ատամների ամբողջ մակերեսին։ Սպառողների ևս մեկ խումբ են բրեկետներ կրողները․ ռետրակտորն օգնում է հետ քաշել շուրթերն ու այտերը՝ դյուրացնելով ատամների և օրթոդոնտիկ կառուցվածքի խնամքը։

Արտադրողի խոսքով՝ նման գնումներ են անում ոչ միայն Ռուսաստանից, այլև Հայաստանից ու Բելառուսից։

Երեք չափս և տարբերակ՝ առանց ներկանյութի

«Diamed»-ը թողարկում է երեք չափսի ռետրակտորներ՝ մեծահասակների, միջին և մանկական։

Մանկական մոդելների համար նախատեսված է երեք տարբերակ՝ կապույտ, վարդագույն և թափանցիկ։ Գունավոր մոդելներում օգտագործվում է սննդային ներկանյութ։ Իսկ թափանցիկ տարբերակը նախատեսված է նաև նրանց համար, ովքեր հնարավոր անհատական հակազդեցություններից խուսափելու համար գերադասում են չօգտագործել որևէ ներկանյութ։

Ընդ որում, բուն կառուցվածքը պատրաստված է առանց լատեքսի։

Սա արտադրողի համար սկզբունքային հարց է. լատեքսը կարող է ալերգիկ հակազդեցություններ առաջացնել, ուստի «Diamed»-ում որոշել են անհրաժեշտ ճկունությանն հասնել սեփական նյութի հաշվին։

«Անհրաժեշտ ճկունությունն ապահովվում է նրանով, որ նյութը, ի վերջո, մեր սեփական մշակումն է», — ասում է Բելաշովը։

Ռուսական տարբերակը՝ գերմանականի փոխարեն

Ընկերությունում իրենց մշակումը համեմատում են գերմանական «Ivoclar» արտադրողի ռետրակտորների հետ։ Բելաշովի խոսքով՝ ռուսական արտադրանքն արդեն փորձարկած ատամնաբույժները դրա որակը գնահատել են արտասահմանյանին համամակարդակ, իսկ որոշ առումներով՝ նույնիսկ ավելի բարձր։

Ընդ որում, արտադրողի պնդմամբ, գնային տարբերությունը զգալի է․ ռուսական ռետրակտորը մոտ երկու անգամ էժան է գերմանական նմանօրինակից։

Ինչպես հավաստիացնում է Բելաշովը, ինքնարժեքը չի նվազեցվել ֆունկցիոնալության հաշվին․ մշակողները հաշվի են առել հենց ատամնաբույժների ցանկությունները և ստեղծել են սեփական նյութը, որն ապահովում է անհրաժեշտ ճկունությունն ու միաժամանակ թույլ է տալիս հրաժարվել լատեքսից։

Այժմ «Diamed»-ը փնտրում է գործընկերներ, որոնք կկարողանան ապրանքը դուրս բերել ավելի լայն շուկա։ Հոկտեմբերի 2-4-ը Երևանում անցկացված «MedMeet» ցուցահանդեսում այս մշակումն առաջին անգամ ներկայացվել է ռուսական արտադրողների տաղավարում և հետաքրքրություն է առաջացրել ատամնաբույժների ու առևտրային ընկերությունների շրջանում։


© NEWS.am Medicine