Ինչո՞ւ է մարդն ուտում նույնիսկ այն ժամանակ, երբ քաղցած չէ. հոգեթերապևտը՝ ճարպակալման թաքնված կողմի մասին

20:22   5 հոկտեմբերի, 2026

Մարդը կարող է ուտել ոչ թե այն պատճառով, որ քաղցած է, այլ որովհետև տագնապում է, հոգնած է, հաճույքի կարիք ունի կամ փորձում է աջակցել ինքն իրեն: Այդ պատճառով ավելորդ քաշի դեմ պայքարը երբեմն պետք է սկսել ոչ թե հերթական սննդակարգից, այլ այն հարցից, թե ինչ հոգեբանական խնդիր է մարդը լուծում սննդի միջոցով:

Այդպես է կարծում բժիշկ-հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մաքսիմ Գոնչարովը: Նրա կարծիքով՝ ավելորդ քաշը շատ դեպքերում կապված է ոչ միայն կենսաբանական գործոնների, այլև ապրելակերպի և այն հանգամանքի հետ, թե ինչպես է մարդը հաղթահարում իր հույզերն ու կարիքները:

«Մարդն ավելի շատ հոգեբանական էակ է, քան կենսաբանական»,- ասում է Գոնչարովը:

Դա չի նշանակում, թե ճարպակալման  կենսաբանական պատճառներ գոյություն չունեն: Սակայն, մասնագետի կարծիքով, մարդու սովորություններն ու առօրյա ընտրությունները մեծ մասամբ որոշում են, թե ինչպես է նա կարգավորում իր կյանքը. ինչից է հրաժարվում, ինչն է ավելացնում, որտեղ է հաճույք փնտրում և ինչով է փորձում հաղթահարել դժվարությունները:

Սնունդն՝ իբրև հանգստանալու ամենամատչելի միջոց

Մաքսիմ Գոնչարովը մասնակցել է Երևանում անցկացվող MedMeet ցուցահանդեսի շրջանակում ճարպակալման խնդրին նվիրված քննարկմանը:

Ինչպես մասնագետը նշել է NEWS.am Medicine-ի հետ զրույցում, մարդը կարող է սննդին դիմելու բազմաթիվ պատճառներ ունենալ, որոնք անմիջականորեն կապված չեն քաղցի հետ: Տագնապը, անհանգստությունը, հոգնածությունը, ուրախության պակասը, ինքն իրեն խրախուսելու կամ որևէ իրադարձություն նշելու ցանկությունը՝ այդ ամենը կարող է սնունդը վերածել վիճակը փոխելու պարզ և մատչելի միջոցի:

Ծանր աշխատանքային օրից հետո մարդը տուն է գալիս և ընթրում: Պարտադիր չէ, որ օրգանիզմին իսկապես այդքան սնունդ է հարկավոր: Սնունդը կարող է վերջապես հաճույք ստանալու, թուլանալու կամ ավելի լավ զգալու միջոց դառնալ:

Հենց այդ պատճառով, կարծում է Գոնչարովը, խնդիրը բացառապես կալորիաների հաշվարկով լուծելու փորձը կարող է անբավարար լինել:

«Ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չկա, թե ինչ է նա ուտում: Դե, թեփ կուտի և պարզապես շատ կուտի»,- ասում է հոգեթերապևտը:

Այս մի փոքր հեգնական ձևակերպման հետևում բավականին լուրջ միտք է թաքնված. եթե չի փոխվում այն պատճառը, որից դրդված մարդը մշտապես օգտագործում է սնունդը որպես սեփական վիճակը կարգավորելու միջոց, մի սննդակարգը կարող է փոխարինվել մյուսով, իսկ խնդիրը կմնա:

Նախ պետք է հասկանալ՝ կոնկրետ ինչն է մարդը «ապաքինում» սննդով

Գոնչարովի կարծիքով՝ առաջին քայլը հոգեբանական պահանջմունքը տեսնելն է, որը մարդը բավարարում է սննդի միջոցով:

Օրինակ՝ մարդը կարող է հասկանալ, որ անընդհատ տագնապի մեջ է և օգտագործում է սնունդը՝ հանգստանալու համար: Կամ որ նպատակին հասնելուց հետո ինքն անպայման պետք է պարգևատրի իրեն, և որպես պարգև հանդես է գալիս քաղցրավենիքը կամ նախտընտրելի այլ ուտեստ:

Այդ կապի գիտակցումն արդեն իսկ կարևոր է:

Դրանից հետո կարելի է նույն պահանջմունքը բավարարելու այլ միջոցներ փնտրել: Եթե մարդը ցանկանում է նշել սեփական հաջողությունը, դա պարտադիր չէ, որ լինի սնունդ: Կարելի է զանգահարել ընկերոջը, պատմել արդյունքի մասին, աջակցություն ստանալ կամ ինքն իրեն խրախուսելու այլ եղանակ մտածել:

Այսինքն՝ խնդիրը ոչ թե սոսկ մարդուց հաճույք կամ հանգստություն ստանալու սովորական միջոցը խլելն է, այլ կյանքը հաղթահարելու նրա մատչելի միջոցների շրջանակն աստիճանաբար ընդլայնելը:

Ինչու մարդը երբեմն նույնիսկ չի հասկանում՝ ինչ է անում

Այստեղ ևս մեկ խնդիր է առաջանում․ մարդկային վարքագծի զգալի մասը, ըստ Գոնչարովի, դեռևս գիտակցված չէ։

Գուցե մարդը հիանալի հասկանա, որ ինքը չափից շատ է ուտում, բայց չի հասկանա՝ հատկապես ինչու է դա անում։

Օրինակ՝ մշտական գերհոգնածության հետևում կարող է կանգնած լինել ոչ միայն շատ աշխատելու անհրաժեշտությունը։ Հնարավոր է՝ մարդը սովորել է բոլոր խնդիրները լուծել բացառապես սեփական ջանքերով և գրեթե օգնության չի դիմում: Իսկ դրա հետևում, իր հերթին, կարող են թաքնված լինել շատ ավելի վաղ ձևավորված համոզմունքներ. օգնություն խնդրելը նշանակում է թույլ լինել, իսկ ուրիշներին վստահելը՝ վտանգավոր:

Ինքը՝ մարդը, դա կարող է երբեք այսկերպ չձևակերպել:

Հենց նման թաքնված հոգեբանական մեխանիզմների որոնումն է Գոնչարովն անվանում հոգեդինամիկ հոգեթերապևտիայի խնդիրներից մեկը:

Ինչու «ուղղակի հավաքիր քեզ»-ը չի օգնում

Մարդը կարող է նույնիսկ չգիտակցել, թե ինչ գործառույթ է կատարում սնունդն իր համար: Եթե խլենք այն՝ առանց փոխարենը որևէ բան առաջարկելու, հոգեբանական պահանջմունքը ոչ չի վերանա:

Այս առումով «ուղղակի հավաքիր քեզ և դադարիր ուտել» պահանջը չափազանց պարզունակ է թվում:

Ավելին, փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը ևս կարող է իր պատճառներն ունենալ:

Գոնչարովը բերում է մի մարդու օրինակ, որն օգնության է գալիս արդեն այն ներքին կանխորոշմամբ, որ իրեն միևնույն է ոչ ոք չի կարող օգնել: Անկախ նրանից, թե ինչ ժամանակակից տեխնոլոգիա կառաջարկեն նրան, նա ապացույցներ է գտնելու դրա անարդյունավետության մասին:

Այդ դեպքում խնդիրը համապատասխան մեթոդի բացակայությունը չէ: Մարդը փաստացի օգտագործում է օգնության իրավիճակը սեփական համոզմունքը հաստատելու համար․ «Ինձ ոչինչ չի օգնի»։

Նման վարքագիծը կողքից տեսնելը երբեմն դժվար է լինում: Դրա համար, կարծում է հոգեթերապևտը, պետք է մի մարդ, որի ներկայությամբ բուժառուն կարողանա նկատել սեփական մոտիվացիան, ընդունել այն և որոշել, որ ցանկանում է այլ կերպ գործել:

Ճարպակալումն իբրև ապրելակերպի մաս

Այդ իսկ պատճառով Գոնչարովն առաջարկում է ավելորդ քաշին չնայել սոսկ մեկ օրում առաջացած խնդրի:

Եթե մարդը տարիներ շարունակ քիչ է հանգստանում, անդուլ աշխատում է, սթրես է ապրում և հաճույքի քիչ այլ աղբյուրներ ունի, սնունդը կարող է աստիճանաբար անհամաչափ մեծ տեղ զբաղեցնել նրա կյանքում:

Այդ դեպքում քաշի փոփոխությունը դառնում է ավելի լայն խնդրի մի մասը՝ հասկանալու համար, թե ընդհանրապես ինչպես է դասավորված մարդու կյանքը:

Հոգեթերապևտիկ մոտեցումն այստեղ չի նշանակում, թե պետք է փնտրել ճարպակալման բացառապես հոգեբանական պատճառը կամ անտեսել ֆիզիոլոգիան: Խոսքն ավելի շուտ մեկ այլ բանի մասին է. եթե սննդային վարքագիծը դարձել է ներքին խնդիրների հետ գլուխ հանելու միջոց, միայն սննդի հետ անմիջական աշխատանքը կարող է անբավարար լինել:

Եվ այն ժամանակ «ինչպե՞ս դադարեմ ուտել» հարցը կարող է ամենագլխավորը չլինել:

Շատ ավելի արդյունավետ է լինում հարցնել. «Ի՞նչ է կատարվում ինձ հետ, երբ ուտելու ցանկություն է առաջանում, չնայած որ քաղցած չեմ, և կոնկրետ ի՞նչ եմ փորձում փոխել սննդի միջոցով»։



© NEWS.am Medicine