12:47 7 հոկտեմբերի, 2026Չինաստանի Ցզյանսուի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները պարզել են, որ կանոնավոր պարերը նպաստում են բոլոր տարիքի մարդկանց հիշողության, ուշադրության և հոգեկան առողջության բարելավմանը: Frontiers in Psychology ամսագրում հրապարակված 22 գիտական աշխատությունների համակարգված ակնարկը ցույց է տվել, որ պարարվեստը գործում է որպես ուղեղն ու նյարդային համակարգը խթանող բազմամոդալ թերապիա: Մասնագետների ուշադրության կենտրոնում են հայտնվել 4-ից 94 տարեկան 1645 մասնակիցների տվյալները:
Պարային մարզումները մարդուց պահանջում են մտապահել շարժումները, դրանք համադրել երաժշտության հետ և փոխգործակցել զույգընկերների հետ: Այս համալիր ծանրաբեռնվածությունը դրականորեն է ազդում ընդհանուր ճանաչողական գործառույթների, հիշողության և ուշադրության վրա, պարզել են գիտնականները: Թեթև ճանաչողական խանգարումներ ունեցող տարեց մարդկանց շրջանում պարերը դանդաղեցրել են դեմենցիայի զարգացումը, իսկ երեխաների և դեռահասների մոտ նվազեցրել սոցիալական տագնապայնության ու սթրեսի մակարդակը: Բարելավումներ են արձանագրվել նաև տրամադրության և կյանքի որակի ոլորտում:
Պարարվեստի դրական ազդեցությունը հոգեկան աշխարհի վրա բացատրվում է ոչ միայն պարընկերների հետ շփման ուրախությամբ: Երաժշտության տակ ֆիզիկական ակտիվությունը խթանում է էնդորֆինների, դոֆամինի և սերոտոնինի արտադրությունը: Այս նեյրոմեդիատորները պատասխանատու են բավարարվածության զգացման համար և օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ: Բացի այդ, պարերը նպաստում են ուղեղի որոշ հատվածների, այդ թվում՝ բնջաթաղանթի (մտավոր կապերն ապահովող կոշտ մարմնի) և կղզյակային բլթի ծավալի մեծացմանը, ինչը հաստատվում է անկախ նեյրովիզուալ հետազոտություններով:
Ընդ որում, գիտնականներն ընդգծում են, որ օգտակարության վերաբերյալ ամենաշատ ապացույցները հավաքվել են հենց տարեցների համար: Նրանց մոտ պարերը ոչ միայն բարելավում են ուղեղի աշխատանքը, այլև մարզում են հավասարակշռության ապարատը՝ նվազեցնելով վայր ընկնելու և վնասվածքներ ստանալու ռիսկը: Երեխաների, դեռահասների և միջին տարիքի մեծահասակների համար տվյալները դեռևս բավարար չեն միանշանակ եզրակացություններ անելու համար: Այնուամենայնիվ, պարարվեստը մնում է հասանելի և անվտանգ մեթոդ, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորում է տարիքային փոփոխությունների կանխարգելման համար: