Վիտամին D-ն կարող է մեղմել աղիների բորբոքումը․ Cell

17:41   6 հոկտեմբերի, 2026

Աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ վիտամին D-ի ընդունումն ուժեղացնում է աղիքային բակտերիաների նկատմամբ իմունային համակարգի պաշտպանական արձագանքն ու մեղմացնում բորբոքումը։ Այս եզրահանգմանն են եկել Մայո կլինիկայի հետազոտողները, իսկ արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են Կրոնի հիվանդությամբ (մարսողական ուղու քրոնիկ բորբոքում) և խոցային կոլիտով (հաստ աղու լորձաթաղանթի բորբոքում) պացիենտներին։ Բոլոր կամավորների մոտ սկզբում վիտամին D-ի մակարդակը ցածր է եղել։ 12 շաբաթ շարունակ մասնակիցները շաբաթական կտրվածքով հավելում են ընդունել, ինչից հետո հետազոտողները համեմատել են արյան և կղանքի ցուցանիշները։

Պարզվել է, որ վիտամին D-ն ընդունակ է փոխել իմունային պատասխանատվության հավասարակշռությունը։ Աղիներում ավելացել է IgA պաշտպանական հակամարմինների քանակը, որոնք օգնում են վերահսկել լորձաթաղանթի մակերեսին գտնվող բակտերիաները, իսկ բորբոքային IgG-ի մակարդակը նվազել է։ Միաժամանակ կրճատվել է աղիների բորբոքման ցուցիչ համարվող ֆեկալ կալպրոտեկտինի քանակը. դրա մակարդակը միջինում նվազել է 722 միկրոգրամով՝ մեկ գրամի հաշվարկով։

Բջիջների վրա արված լրացուցիչ փորձերը ցույց են տվել ազդեցության հավանական մեխանիզմը։ Վիտամին D-ն ազդել է իմունային համակարգի դենդրիտային բջիջների վրա և խթանել IgA-ի արտադրությունը։ Ընդ որում՝ փոխվել է նաև աղիքային բակտերիաների տարբեր խմբերի նկատմամբ իմունիտետի արձագանքը. պաշտպանական պատասխանն ուժեղացել է աղիքային պատնեշի պահպանման հետ կապված միկրոօրգանիզմների հանդեպ, իսկ բորբոքային արձագանքը թուլացել է։

«Վիտամին D-ն կարող է ոչ միայն ճնշել բորբոքումը, այլև օգնել իմունային համակարգին ավելի ճիշտ փոխազդել աղիքային միկրոֆլորայի հետ։ Սա կարող է նոր ուղղություն դառնալ աղիների բորբոքային հիվանդությունների հավելյալ բուժման հարցում», — նշել են հետազոտողները։



© NEWS.am Medicine