Արհեստական բանականությունն արդյունավետորեն մոտիվացնում է բուժառուներին՝ պատվաստվելու համար։ Nature

19:56   6 հոկտեմբերի, 2026

ԱՄՆ-ում հետազոտողները լայնածավալ փորձարկում են անցկացրել՝ բժշկական հաստատությունների ավելի քան 90 հազար բուժառուների մասնակցությամբ, որպեսզի ստուգեն արհեստական բանականության՝ մարդկանց սովորությունները փոխելուն անհատականացված կերպով համոզելու կարողությունը: Պարզվել է, որ գրիպով վարակվելու բարձր ռիսկի մասին մարդուն ճշգրիտ իրազեկելը նրան ստիպում է ավելի ակտիվորեն պատվաստվել: Ընդ որում, իրենց՝ մարդկանց համար բացարձակապես միևնույնն է՝ ով է կոնկրետ հայտնաբերել ռիսկը՝ անհոգի ալգորի՞թմը, թե՞ իսկական բժիշկը: Հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behaviour բժշկագիտական հանդեսում:

Երեք կլինիկական փորձարկումների շրջանակում գիտնականները նախապես ստուգված մեքենայական մոդել են ներգրավել, որն ընդունակ է բարձր ճշգրտությամբ հայտնաբերել վիրուսի և դրա բարդությունների հանդեպ առավել խոցելի քաղաքացիներին: Այդ բուժառուներին պատվաստում անցնելու կոչով տեքստային հաղորդագրություններ են ուղարկվել: Ծանուցումների մի մասը պարունակել է ուղղակի բացահայտում առ այն, որ ռիսկը հաշվարկել է համակարգիչը, մյուսները ներառել են ԱԲ-ի կանխատեսման մանրամասն բացատրություններ, իսկ երրորդները բուժառուության բարձր վտանգի մասին պարզ զգուշացումներ էին՝ առանց ժամանակակից տեխնոլոգիաների որևէ հիշատակման:

Փորձարկման արդյունքները շատ հատկանշական են եղել և ապացուցել են անհատական մոտեցման օգուտը: Իրենց խոցելիության մասին ծանուցում  ստացած մարդիկ 1,1–1,4 տոկոսային կետով ավելի հաճախ են պատվաստվել, քան նրանք, ում պատվաստվելու անհրաժեշտության մասին ստանդարտ հիշեցում էին ուղարկել: Հաղորդագրություններ չստացած վերահսկիչ խմբի համեմատ՝ պատվաստվածների ցուցանիշն աճել է 1,7–3,5 տոկոսային կետով:

Հետազոտության ամենաանսպասելի եզրակացությունը դարձել է մարդկանց վերաբերմունքը նրանց բուժման գործում ալգորիթմների մասնակցությանը: Հաղորդագրությունների արդյունավետությունը բնավ չէր փոխվում՝ կախված նրանից, թե դրանցում արհեստական բանականությունը հիշատակվո՞ւմ էր, թե՞ ոչ: Բուժառուները ո՛չ մերժողականություն են դրսևորել մեքենայական կանխատեսման նկատմամբ, ո՛չ էլ հատուկ հիացմունք արտահայտել դրա մանրամասն բացատրություններից: Նրանց համար գլխավոր գործոնն է մնացել անձնական առողջական սպառնալիքի գիտակցման փաստը, այլ ոչ թե այդ տեղեկությունը տրամադրած աղբյուրը:

Հասարակական կարծիքի լաբորատոր հարցումները հաճախ հակասական արդյունքներ են ցույց տալիս. շատ մարդիկ կասկածանքով են վերաբերվում բժշկության մեջ ԱԲ-ի ներդրմանը: Ընդսմին, իրական տվյալներն ապացուցել են, որ գործնականում բուժառուները պատրաստ են վստահել ավտոմատացված համակարգերին, եթե դրանք ակնհայտ օգուտ են բերում:



© NEWS.am Medicine