Աշխարհում քաղցկեղի յուրաքանչյուր ութերորդ դեպքը կապված է կանխարգելելի վարակների հետ. հետազոտություն

23:53   6 հոկտեմբերի, 2026

2024 թվականին աշխարհում քաղցկեղի շուրջ 2,3 միլիոն նոր դեպք պայմանավորված է եղել վիրուսների, բակտերիաների և մակաբույծների առաջացրած վարակներով։ Դա ուռուցքային բուժառուությունների բոլոր նոր դեպքերի 12%-ն է, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի հետազոտման գործակալության (IARC) նոր հետազոտությունում:

«Չնայած պատվաստումների և սքրինինգի հաջողություններին, վարակների հետ կապված քաղցկեղները մնում են լուրջ գլոբալ խնդիր, ընդ որում՝ հիմնական բեռն ընկնում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բնակչության վրա»,- հայտարարել է IARC-ի քաղցկեղի համաճարակաբանության բաժնի աշխատակից և հետազոտության համահեղինակ Հարիետ Ռամգեյը:

«Ստացված տվյալներն ընդգծում են, թե որքան կարևոր դեր կարող է խաղալ վարակների վերահսկումը քաղցկեղի համաշխարհային բեռի նվազեցման գործում»,- հավելել է նա:

Հեղինակներն առաջարկում են միջոցառումների համալիր, որն ընդգրկում է առաջնային կանխարգելումը, սքրինինգը, բուժումը, հետազոտությունները և քաղաքականությունը՝ գործող պատվաստումային ծրագրերի ընդլայնումից և նոր պատվաստանյութերի մշակումից մինչև մակաբուծային վարակների դեմ պայքարի հատուկ միջոցառումների ներդրում և թեստավորման ընդլայնում, հաղորդում է Euronews-ը։

Նոր կանխարգելիչ գործիքների ներդրումում կատարված ներդրումները կարող են տալ առավելագույն արդյունք, նշել է հետազոտության ավագ համահեղինակ Գարի Քլիֆորդը:

Նրա կարծիքով՝ հեռանկարային ուղղություններից մեկը կարող է դառնալ Էպշտեյն-Բարր հերպեսվիրուսի (EBV) դեմ պատվաստանյութի մշակումը, որը մարդկանց շրջանում ամենատարածվածներից մեկն է, և որի համար դեռևս գոյություն չունի հաստատված պատվաստանյութ։ Այդ վարակն ընդունակ է առաջացնել վեց տարբեր տեսակի քաղցկեղ, ներառյալ՝ ըմպանի և ստամոքսի քաղցկեղ:

EBV-ն մարդու համար քաղցկեղածին ճանաչված 12 վարակային գործակիցներից միայն մեկն է. այս ցանկի մեջ մտնում են մի քանի վիրուսներ, մեկ բակտերիա և մակաբույծներ:

Քաղցկեղի գլխավոր վարակային պատճառը Helicobacter pylori բակտերիան է, որը վնասում է ստամոքսը և հաճախ խոցային հիվանդություն առաջացնում։ 2024 թվականին այն դարձել է քաղցկեղի 760 հազար նոր դեպքի, այսինքն՝ բոլոր ախտորոշումների 4%-ի պատճառը:

Այս բակտերիան կապված է ուռուցքների երեք տեսակների՝ ստամոքսի ոչ կարդիալ և կարդիալ բաժինների քաղցկեղի, ինչպես նաև ստամոքսում զարգացող ոչ հոջկինյան լիմֆոմաների տեսակի հետ:

Դեպքերի թվով երկրորդ տեղում է մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ), որին բաժին է ընկնում 750 հազար նոր հիվանդություն, որին հաջորդում է B հեպատիտի վիրուսը (HBV):

Մարդու պապիլոմավիրուսը կարող է առաջացնել քաղցկեղի ութ տեսակ՝ արգանդի վզիկի և առնանդամի քաղցկեղից մինչև կոկորդի քաղցկեղ։ Հեղինակները նշում են, որ արգանդի վզիկի քաղցկեղի բոլոր դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսով, ուստի վիրուսը սքրինինգի և պատվաստումների ռազմավարությունների հիմնական թիրախն է:

Թեև վարակների հետ կապված քաղցկեղային հիվանդությունները կարող են առաջանալ աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց մոտ, դրանց բեռը խիստ անհավասարաչափ է բաշխված: Հետազոտությունում նշվում է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին է բաժին հասնում նման դեպքերի գրեթե երեք քառորդը:

Վարակների հետ կապված ուռուցքային հիվանդություններն ամենից շատ 2024 թվականին գրանցվել են Արևելյան Ասիայում՝ 990 հազար դեպք կամ համաշխարհային ցուցանիշի 42%-ը. հիմնական գործոններ են դարձել Helicobacter pylori-ն և B հեպատիտի վիրուսը:

Սահարայից հարավ ընկած երկրներում նման հիվանդությունների բաժինն ամենաբարձրն է. այնտեղ քաղցկեղի բոլոր դեպքերի քառորդը կապված է վարակի հետ, առաջին հերթին՝ մարդու պապիլոմավիրուսի հետ ասոցացված ուռուցքների տարածվածության պատճառով:

Վարակների հետ ասոցացված քաղցկեղներն ամենաքիչը ֆիքսվում են Հյուսիսային, Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Օվկիանիայում:

Աշխարհագրական տարբերությունները արտացոլում են նաև կանխարգելիչ միջոցառումների և առողջապահական ռազմավարությունների տարբեր մոտեցումները:

Այսպես, Արևելյան Ասիայում՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և Չինաստանը ներդրել են բնակչության էնդոսկոպիկ սքրինինգի լայնածավալ ծրագրեր, որոնք ուղղված են հիմնականում Helicobacter pylori-ով պայմանավորված ստամոքսի քաղցկեղի բարձր մակարդակի դեմ պայքարին:

Քանի որ էնդոսկոպիկ սքրինինգը ինվազիվ և թանկարժեք պրոցեդուրա է, մի շարք եվրոպական երկրներ փորձարկում են Helicobacter pylori-ի «հայտնաբերիր և բուժիր» ծրագրերը, որտեղ ախտորոշման համար օգտագործվում են ոչ ինվազիվ մեթոդներ, իսկ հայտնաբերված վարակը վերացվում է թիրախային հակաբիոտիկոթերապիայի միջոցով:



© NEWS.am Medicine