Գիրությունն ընդհանուր դեմենցիայի դեպքում 27%-ով բարձրացնում է ապրելունակությունը. Journal of Alzheimer's Disease

18:54   7 հոկտեմբերի, 2026

Դեմենցիայի ախտորոշման պահին ավելցուկային քաշ կամ ճարպակալումից տառապող մարդիկ, հավանաբար, ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնց քաշը նորմալ է։ Դրա մասին ասվում է Journal of Alzheimer's Disease գիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունում։

Պատճառները մինչև վերջ պարզ չեն, սակայն արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ախտորոշման պահին առկա քաշը կարող է կարևոր կանխատեսող տեղեկություն տալ ապրելունակության վերաբերյալ և վկայում է դեմենցիայի դեպքում սնուցմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին։

«Դա չի նշանակում, որ դեմենցիայից տառապողները պետք է փորձեն գիրանալ. մեր հետազոտությունը նախատեսված չէր այս հարցը ստուգելու համար: Սակայն  արդյունքները ցույց են տալիս, որ քաշը կարող է ծառայել որպես օգտակար կանխորոշիչ ազդանշան ախտորոշման պահին: Դրանք հաստատում են նաև, որ սնուցումը դեմենցիայի ժամանակ առողջության և ապրելունակության հիմնական գործոնն է»,- ասել է գլխավոր հեղինակ Վիրջինիա Չանգը Նյու Յորքի համալսարանի գլոբալ հանրային առողջության դպրոցից:

Գիրությունը բազմաթիվ հիվանդությունների, ներառյալ՝ սրտային հիվանդությունների և շաքարախտի ռիսկի գործոն է: Հայտնի է նաև, որ միջին տարիքում ավելցուկային քաշ ունեցող մարդիկ ավելի հաճախ են հետագայում հիվանդանում դեմենցիայով: Ընդսմին, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ արդեն իսկ ախտորոշված դեմենցիայով բուժառուների շրջանում գիրությունը կապված է ավելի լավ ապրելունակության հետ:

Գիտնականները հետաքրքրվում էին՝ արդյոք այս հակաբնազդային արդյունքները վկայում են իրական պատճառի մասին (օրինակ՝ մեծ էներգետիկ պաշարներ), թե դրանք տվյալների սխալների հետևանք են:
Հնարավոր աղբյուրներից մեկն այն է, որ դեմենցիայից տառապողները հաճախ նիհարում են դեռևս ախտորոշումից շատ առաջ՝ երբեմն մեկ տասնամյակ առաջ: Հետևաբար, նրանք, ովքեր գրանցված են որպես «նորմալ քաշ» ունեցողներ, կարող են ներառել ավելի զարգացած հիվանդությամբ բուժառուների:

Չանգը, Չժանը և գործընկերներն օգտագործել են Health and Retirement Study-ի տվյալները, որոնք ԱՄՆ-ի 51 և բարձր տարիքի չափահասների՝ Միչիգանի համալսարանի իրականացրած շարունակական ազգային հետազոտություն են: Նրանք վերցրել են տվյալներ 1998-ից մինչև 2022 թվականը և ներառել 4523 մարդու, որոնք սկզբում չեն ունեցել դեմենցիա, բայց հետագայում այն զարգացել է:

Երկարատև հսկողության ժամանակահատվածը հնարավորություն է տվել հետևել քաշին մինչև և ախտորոշման պահին, ինչպես նաև դրանից հետո կյանքի տևողությանը:

Պարզվել է, որ դեմենցիայից տառապողները, որոնք ախտորոշման պահին ունեցել են ավելցուկային քաշ կամ ճարպակալում, մահացության զգալիորեն ցածր ռիսկ են ունեցել, քան նորմալ քաշ ունեցող մարդիկ, նույնիսկ խրոնիկական հիվանդությունների, ծխելու և ժողովրդագրական գործոնների ուղղումից հետո: Ավելցուկային քաշ ունեցող անձանց շրջանում (ՄՄԻ 25–29.9) մահվան ռիսկը 16%-ով ցածր էր, 1-ին կարգի գիրության դեպքում (ՄՄԻ 30–34.9)՝ 27%-ով ցածր, իսկ 2-րդ և 3-րդ կարգի գիրության դեպքում (ՄՄԻ 35 և բարձր)՝ 22%-ով ցածր:
Հնարավոր խեղաթյուրման (bias) մի քանի ձևեր գնահատող լրացուցիչ վերլուծությունները ցույց չեն տվել, որ դրանք զգալիորեն ազդում են դիտարկվող կապերի վրա:

Ֆիզիոլոգիական տեսանկյունից հետազոտողները պարզաբանում են, թե ինչու ավելցուկային քաշը կարող է օգտակար լինել դեմենցիայի ժամանակ. դրանք մեծ կատաբոլիկ պաշարներն են՝ էներգիայի պահեստների կամ մկանային զանգվածի տեսքով: «Քանի որ այս բացահայտումը որոշ չափով հակաբնազդային է, կարևոր հարցն այն է՝ արդյոք այն պարզապես սխալ չէ: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր ստուգած հիմնական աղբյուրները չեն բացատրում ավելի մեծ քաշի հետ կապված ապրելունակության առավելությունը»,- նշել է Յուան Չժանը Կոլումբիայի Մեյլմանի հանրային առողջության դպրոցից:

Հետազոտողները ստուգել են տվյալների հնարավոր աղավաղման մի քանի ձևեր, և չնայած փոքր ավելցուկային քաշի օգուտների հավանական ֆիզիոլոգիական պատճառներ գոյություն ունեն, գեր բուժառուների մոտ մահվան ռիսկի նվազման ստույգ մեխանիզմը մինչև հիմա անհայտ է: Ընդսմին, դեմենցիայի ախտորոշման պահին քաշը դեռևս կարող է լինել նշանակալի կանխորոշիչ ազդանշան, ընդգծել են հոդվածի հեղինակները:



© NEWS.am Medicine