22:56 7 հոկտեմբերի, 2026Աշխարհում ավելի քան 170 միլիոն երեխա և դեռահաս տառապում է գիրացումից, 1990 թվականից ի վեր այս հիվանդության տարածվածությունն աճել է 4 անգամ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«2024 թվականին գիրացումից տառապել է 5-19 տարեկան 170 միլիոն երեխա և դեռահաս, այդ թվում՝ 5- 9 տարեկան 70 միլիոն երեխա և 10-19 տարեկան 100 միլիոն դեռահաս»,- նշված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:
«Գիրության կանխարգելումն ու բուժումը կարևոր նշանակություն ունեն երեխաների և դեռահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության պաշտպանության, ինչպես նաև նրանց առողջ աճի, կրթության, սոցիալական բարեկեցության և կյանքի որակի պահպանման համար»,- նշել են կազմակերպությունում:
ԱՀԿ-ն առաջին անգամ է հրապարակել գիրացումից տառապող երեխաների բուժման ուղեցույցներ:
Այսպես, ԱՀԿ-ն խստորեն խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվություն, առողջ սննդակարգ և վարքային միջամտություններ: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս դեղորայքային բուժում, բարիատրիկ վիրահատություններ (քաշի նվազեցման վիրահատություններ, որոնք փոխում են ստամոքսը կամ մարսողական ուղին) կամ քաշը նվազեցնող սարքեր 0-9 տարեկան երեխաների համար:
ԱՀԿ-ում նշել են, որ միայն բուժման միջոցով հնարավոր չէ կանգնեցնել գիրացման տարածվածության աճը, և կոչ են արել երկրներին ձեռնարկել քայլեր ու մշակել ռազմավարություններ, որոնք առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունն ավելի հասանելի և մատչելի կդարձնեն: Նման միջոցների թվին են պատկանում ինչպես նորմատիվաիրավական քայլերն ու հարկային սխեմաները, այնպես էլ գործողությունները կրթության, քաղաքաշինության, տրանսպորտի և սոցիալական պաշտպանության ոլորտներում: