Գիշերային շոգը բարձրացնում է տագնապայնությունը և փոխում օրգանիզմի աշխատանքը. գիտնականները գտել են հնարավոր պատճառները

08:34   8 հոկտեմբերի, 2026

Նոր հետազոտությունը փաստում է, որ գիշերային շոգն օրգանիզմի ու հոգեկան վիճակի վրա կարող է ավելի ծանր ազդել, քան ցերեկայինը։ Գիտնականները պարզել են, որ բարձր ջերմաստիճանը թե՛ ցերեկը և թե՛ գիշերը բարձրացնում է տագնապայնության մակարդակը։ Այդուհանդերձ, քնի ընթացքում տաք եղանակն ուղեկցվում է ավելի խորքային կենսաբանական փոփոխություններով. այն խաթարում է քունն ու ավելացնում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի քանակը։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Environment and Health ամսագրում։ Դրան մասնակցել է 18-25 տարեկան 41 առողջ ուսանող։ Գիտնականներն անցկացրել են պատահականացված խաչաձև հետազոտություն, որի ընթացքում մասնակիցները հերթականությամբ ենթարկվել են ինչպես սովորական, այնպես էլ բարձր ջերմաստիճանի ազդեցությանը։

Ցերեկային ազդեցությունը տևել է 09:00-ից 17:00-ն՝ 32 °C ջերմաստիճանում, իսկ գիշերայինը՝ 22:00-ից 06:00-ն՝ 30 °C-ում։ Ստուգիչ պայմաններում ջերմաստիճանը 26 °C էր։ Փորձերի միջև ընդմիջումներ էին արվում, որպեսզի մասնակիցների օրգանիզմը հասցնի լիարժեք վերականգնվել։

Յուրաքանչյուր փուլից առաջ և հետո հետազոտողները գնահատել են մասնակիցների տագնապայնության աստիճանը, քնի որակն ու տևողությունը, ինչպես նաև կենսաբանական մի շարք ցուցանիշներ՝ կապված բորբոքային գործընթացների, օքսիդատիվ սթրեսի, հորմոնալ արձագանքի և նյարդային համակարգի աշխատանքի հետ։

Թե՛ ցերեկային, թե՛ գիշերային շոգը նպաստել են տագնապայնության աճին։ Ցերեկային տաքացումից հետո այդ ցուցանիշը ստուգիչ պայմանների համեմատ բարձր է եղել 24,71%-ով, իսկ գիշերայինից հետո՝ 27,80%-ով։

Ընդ որում, գիշերային շոգն առաջացրել է ավելի բազմազան փոփոխություններ։ Ցերեկը մասնակիցների մոտ ավելացել են միայն օքսիդատիվ սթրեսի հետ կապված մալոնային դիալդեհիդի (MDA) և ցածր խտության օքսիդացված լիպոպրոտեինների (Ox-LDL) մակարդակները։ Իսկ գիշերը, MDA-ի աճից բացի, ավելացել են նաև բորբոքային գործընթացներին մասնակցող ինտերլեյկին-1β-ն ու կորտիզոլը։ Միևնույն ժամանակ նվազել է BDNF-ի՝ ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի մակարդակը, որն աջակցում է նյարդային համակարգի անխափան աշխատանքին։

Բացի այդ, գիշերային շոգի պայմաններում մասնակիցներն ավելի վատ են քնել. քունը դարձել է ավելի կարճատև ու անորակ։ Հետազոտողների կարծիքով՝ հենց սա կարող է լինել գիշերային ջերմաստիճանի ավելի ցայտուն ազդեցության պատճառներից մեկը։ Քնած ժամանակ օրգանիզմն ապաքինվում է և կարգավորում կարևորագույն ֆիզիոլոգիական գործընթացները, իսկ բարձր ջերմաստիճանը խոչընդոտում է ավելորդ ջերմության արտանետմանը։

Գիտնականներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կորտիզոլին։ Նորմալ պայմաններում գիշերը դրա մակարդակը համեմատաբար ցածր է լինում, ուստի շոգից հետո արձանագրված աճը կարող է վկայել օրգանիզմի բնականոն ռիթմերի և հորմոնալ կարգավորման խաթարման մասին։

Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ մալոնային դիալդեհիդն ու կորտիզոլը մասամբ բացատրում են գիշերային շոգի և տագնապայնության աճի միջև կապը։ Այդ ազդեցության 14,42%-ը պայմանավորված է եղել MDA-ով, իսկ 6,88%-ը՝ կորտիզոլով։

Հետազոտողները նշում են, որ այս արդյունքները հատկապես կարևոր են կլիմայի փոփոխության ֆոնին. բազմաթիվ տարածաշրջաններում գիշերային ջերմաստիճանն աճում է ավելի արագ, քան ցերեկայինը, իսկ ծայրահեղ շոգի ժամանակահատվածները դառնում են ավելի հաճախակի ու տևական։



© NEWS.am Medicine