Ստատինների ընդունումը կապվել է գլաուկոմայի ավելի ցածր ռիսկի հետ․ British Journal of Ophthalmology

11:33   8 հոկտեմբերի, 2026

Ստատինների՝ խոլեստերինի մակարդակն իջեցնող տարածված դեղամիջոցների ընդունումը կապվել է գլաուկոմայի զարգացման և դրա առաջխաղացման ավելի ցածր ռիսկի հետ։ Այս մասին են վկայում բրիտանացի հետազոտողների անցկացրած բժշկական տվյալների լայնամասշտաբ վերլուծության արդյունքները, որոնք հրապարակվել են British Journal of Ophthalmology ամսագրում։

Գլաուկոման անդառնալի կուրության առաջատար պատճառներից է, որի ժամանակ ներակնային բարձր ճնշման հետևանքով աստիճանաբար ոչնչանում է տեսողական նյարդը։ Ստատինների հնարավոր դերը գնահատելու համար գիտնականները համեմատել են երկու խոշոր խումբ՝ այս դեղամիջոցներն ընդունող շուրջ 210 հազար և չընդունող նույնքան պացիենտների։

Այն անձանց շրջանում, որոնք ստատիններ են ստացել, առաջնային բացանկյուն գլաուկոմայի զարգացման ռիսկը 15%-ով ավելի ցածր է եղել։ Առանձին վերլուծության է ենթարկվել արդեն իսկ հիվանդությունն ունեցող ավելի քան 30 հազար պացիենտների վիճակը (ստատիններ ընդունող)՝ համեմատած դրանք չընդունող 250 հազարի հետ։ Այստեղ տարբերությունն էլ ավելի ակնառու է եղել․ հինգ տարվա ընթացքում գլաուկոմայի պատճառով խոռոչային վիրահատության անհրաժեշտության ռիսկը ցածր է եղել 36%-ով, քիչ ինվազիվ միջամտությանը՝ 55%-ով, լազերային միջամտությանը՝ 60%-ով, իսկ ճնշումն իջեցնող ակնակաթիլների պահանջարկինը՝ 12%-ով։

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ ստատինների ընդունումը կապված է ինչպես առաջնային բացանկյուն գլաուկոմայի առաջացման ավելի ցածր հաճախականության, այնպես էլ բուժումն ինտենսիվացնելու անհրաժեշտության նվազման հետ», — նշել են հետազոտության հեղինակները։



© NEWS.am Medicine