Կոլագենի դրական ազդեցության մասին ապացույցներն անհիմն են․ JCD

13:42   8 հոկտեմբերի, 2026

Այն պնդումները, թե կոլագենային հավելումները լավացնում են մաշկի վիճակը, իրականում գիտականորեն հիմնավորված չեն. թեմայի շուրջ առանցքային հետազոտություններում լուրջ մեթոդաբանական սխալներ են հայտնաբերվել։ Նման եզրահանգման են եկել Դուբլինի Թրինիթի քոլեջի կենսավիճակագիր Դևիդ Ռոբերտ Գրայմսն ու բրիտանացի մաշկաբան Անջալի Մահտոն, որոնց աշխատությունը հրապարակվել է Journal of Cosmetic Dermatology ամսագրում։

Գիտնականները վերանայել են 2021 և 2023 թվականների երկու խոշոր վերլուծություններ, որոնց վրա սովորաբար հենվում են նաև կոլագենի արդյունավետությունը ապացուցելիս, ու դրանցում վիճակագրական վրիպակներ ու աղավաղված տվյալներ են հայտնաբերել։ Սխալներն ուղղելուց հետո պարզ է դարձել, որ կոլագենի չափաբաժնի և մաշկի խոնավության կամ առանձգականության միջև որևէ հստակ կապ իրականում չկա։

Ուսումնասիրությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջացել․ փորձարկումների մեծ մասը ֆինանսավորել են կոլագեն արտադրողները կամ անցկացրել են նրանց հետ շահագրգիռ անձինք։ Չափաբաժինները տարբերվել են մինչև 30 անգամ (օրական 0,3-ից 10 գրամ), բուն փորձարկումները տևել են ընդամենը 8-12 շաբաթ, իսկ կոլագենը հաճախ տվել են այլ հավելումների հետ, ինչի պատճառով անհնար է հասկանալ՝ կոնկրետ որ նյութն է ազդել։ Բացի այդ, կոլագենի յուրահատուկ համն ու տեքստուրան մասնակիցներին կարող էին հուշել, թե ով է ստանում բուն նյութը, ինչը խախտում է փորձարկման անաչառության («կույր մեթոդի») պահանջը։

«Հնարավոր է՝ կոլագենը դեռ իր տեղը գտնի մաշկաբանության մեջ, բայց այսօր դա որպես ծերացման դեմ ապացուցված միջոց գովազդելը վաղաժամ է ու անհիմն», — նշել են հետազոտողները։

Սա չի նշանակում, թե կոլագենն անօգուտ է, պարզապես դրա ազդեցության մասին համոզիչ ապացույցներ դեռ չկան։ Հեղինակները մաշկաբաններին հորդորում են չշտապել նման հավելումներ խորհուրդ տալուց, քանի դեռ չկան դրանք հաստատող անկախ ու խիստ հետազոտություններ։



© NEWS.am Medicine