21:42 9 հոկտեմբերի, 2026Եվրոպական հանձնաժողովի և անդամ պետությունների ներկայացուցիչները մտադիր են քննարկել Սիբիրում թոքային ժանտախտի ենթադրյալ բռնկումը. ԵՄ երկրները փորձում են ավելի հստակ պատկերացում կազմել Իրկուտսկում տիրող իրավիճակի մասին՝ ի հեճուկս արտերկրում և երկրի ներսում աճող անհանգստությունը մեղմելու Մոսկվայի ջանքերի:
Առողջապահական անվտանգության կոմիտեի նիստը, որը զբաղվում է առողջապահության ոլորտի անդրսահմանային խնդիրներով, տեղի կունենա առավոտյան Բրյուսելում: Հանդիպումը նախատեսված էր նախապես, բայց այդ «արտակարգ» կետը վերջին պահին ավելացվել է օրակարգ:
«Կարող եմ հաստատել, որ Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպը կլինի Առողջապահական անվտանգության կոմիտեի օրակարգում»,- «Եվրոնյուզ»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Ճգնաժամը սկսվել է հարավարևելյան Սիբիրի Իրկուտսկի հակաժանտախտային ԳՀԻ-ի լաբորանտուհու մահվան մասին հաղորդագրություններից. վերջինս մահացել է հոկտեմբերի 2-ին՝ անհայտ հանգամանքներում։ Պաշտոնապես նրա մահը կապել են «անհայտ ծագման թոքաբորբի» հետ։
Ռուսական իշխանությունները պնդում են, թեև վկայություններ չկան, որ նրա հիվանդությունը հարուցվել է այն պաթոգեններից որևէ մեկով, որոնց հետ նա աշխատել է, և պնդում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։
Այն հիվանդանոցում, որտեղ մահացել է Դարյա Շիպիլովան, կարանտին է մտցվել։ Նրա հետ շփում ունեցած մոտ 200 մարդ խիստ բժշկական հսկողության տակ է։
Առանձին-առանձին՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը կանխարգելիչ միջոցներ են մտցրել իրենց սահմաններին՝ վարակիչ հիվանդությունների հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում երեքշաբթի հայտարարել են, որ այդ մարդկանցից ոչ մեկի մոտ դեռևս ժանտախտի ախտանիշներ ի հայտ չեն եկել, իսկ առաջին թեստերը բացասական արդյունք են տվել։ Միևնույն ժամանակ, Ժնևում նշում են, թե կոնկրետ ինչ պաթոգենների նկատմամբ են ռուսները թեստավորում անցկացրել, «անհայտ է»։
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ եվրոպական տարածաշրջանի համար ռիսկը «շատ ցածր է», իսկ Իրկուտսկի մարզի համար՝ «չափավոր ցածր»։
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հայտարարության մեջ ասվում է, որ ժանտախտի բռնկման կասկածը «դեռևս հաստատված չէ»։
«Իրկուտսկի և ԵՄ-ի միջև հաղորդակցությունը սահմանափակ բնույթ է կրում»,- նշել է գործակալությունը։
«Այն սահմանափակ տեղեկությունենրի հիման վրա, որին մենք տիրապետում ենք ներկայում, մեզ անհայտ են երկրորդային դեպքերը կամ մարդուց մարդուն վարակի կայուն փոխանցումը»:
Բրյուսելն ու Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում են իրավիճակի զարգացմանը և Ռուսաստանին կոչ են անում ճշգրիտ և թափանցիկ տեղեկություններ տրամադրել։
Թոքային ձևը զարգանում է, երբ ժանտախտի բակտերիաները ախտահարում են մարդու թոքերը: Դա հիվանդության ամենածանր ձևն է, այն կարող է փոխանցվել մարդուց մարդուն։ Առանց բուժման մահացությունը կազմում է 30-100%, սակայն այդ ձևը սովորաբար ենթարկվում է հակաբիոտիկների ազդեցությանը։