Էլեկտրոնային ծխախոտների նույնիսկ կարճատև օգտագործումը վնասում է թոքերը. հետազոտություն

23:46   9 հոկտեմբերի, 2026

Ըստ National Jewish Health-ի գիտնականների անցկացրած և JCI Insight-ում հրապարակված հետազոտության՝ էլեկտրոնային ծխախոտների գոլորշիների ազդեցության ընդամենը մի քանի օրն ի վիճակի է վնասել թոքերի ամենանուրբ հյուսվածքները և դրանք առավել խոցելի դարձնել վիրուսային վարակի նկատմամբ։

Հետազոտական խումբն ուսումնասիրել է մարդու թոքերի էպիթելային և էնդոթելային բջիջները, ինչպես նաև թոքային հյուսվածքի ճշգրիտ կտրված նմուշները, որոնք վերցված են թոքերի դիստալ բաժիններից՝ խոր և նուրբ հատվածներից, որոնց միջով թթվածինը թափանցում է արյուն։ Հյուսվածքները ենթարկվել են միայն էլեկտրոնային ծխախոտների գոլորշու ազդեցությանը, ինչպես նաև գոլորշու ազդեցությանը՝ նախակլինիկական մոդելներում շնչառական վիրուսով հետագա վարակմամբ, գրում է «Научная Россия»-ն: 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտների գոլորշին վնասել է թոքերի դիստալ բաժինների պաշտպանիչ պատնեշը, առաջացրել բջջային սթրես, խախտել բջիջների՝ վնասված բաղադրիչներից մաքրվելու ներքին գործընթացները, դանդաղեցրել բջիջների աճն ու վերականգնումը, ինչպես նաև մեծացրել դրանց մահացությունը։

Զարմանալիորեն, թոքային սթրեսի նշանները պահպանվել են ընդամենը հնգօրյա ազդեցության շրջանի ավարտից հետո ևս 10 օրվա ընթացքում։ Հետազոտողների թիմը նկատել է կայուն փոփոխություններ պատնեշային գործառույթի, հյուսվածքների վերակառուցման և Th1 իմունիտետի մեջ, որոնք վիրուսային վարակների դեմ պայքարելու համար կրիտիկական նշանակություն ունեցող իմունային համակարգի ճյուղից են:

Բացի դրանից, վեյփինգի նախնական ազդեցությունը մեծացրել է SARS-CoV-2-ի վիրուսային բեռը և վարակումից հետո ճնշել մի շարք հակավիրուսային գեների ակտիվությունը։

«Նույնիսկ կարճատև վեյփինգի ազդեցությունը կարող է հանգեցնել թոքերի ամենախոր և առավել խոցելի հատվածների վնասմանը,- ասում է հետազոտության ավագ հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, Ազգային հրեական բժշկական կենտրոնի թոքաբույժ Իրինա Պետրաչեն։ - Կարևոր է նշել, որ որոշ ազդեցություններ պահպանվել են նաև ներործության դադարեցումից հետո և ազդել հետագա վիրուսային վարակի ժամանակ իմունային պատասխանի վրա»։

Ստացված արդյունքները մատնանշում են այն կենսաբանական մեխանիզմները, որոնք կարող են օգնել բացատրել, թե ինչու է վեյփինգը կապված թոքերի վնասման և շնչառական վարակների նկատմամբ բարձր խոցելիության հետ։ Հետազոտողները նշել են, որ բազմակի ազդեցությունը կարող է նպաստել թոքերի խրոնիկական հիվանդությունների զարգացմանը՝ առաջացնելով բջիջների վնասում և խաթարելով դրանց բնականոն վերականգնումը։



© NEWS.am Medicine