Արդյո՞ք առողջ սնունդն օգնում է պահպանել հիշողությունը․ հետազոտությունը բացահայտել է հայտնի դիետաների թույլ կողմերը

14:17   10 հոկտեմբերի, 2026

Առողջարար սննդակարգի տարածված համակարգերից շատերը դրական են անդրադառնում հիշողության և մտածողության ցուցանիշների վրա, սակայն ուղեղի առողջության վրա դրանց երկարաժամկետ ազդեցությունը դեռևս հստակ չէ։ Նման եզրահանգման է եկել հետազոտողների միջազգային խումբը՝ ամփոփելով ԱՄՆ-ում և Եվրոպայում անցկացված ուսումնասիրությունների ավելի քան 17 հազար մասնակցի տվյալներ։ Աշխատանքը հրապարակվել է Journal of Nutrition ամսագրում։

Գիտնականները վերլուծել են առողջարար համարվող սննդակարգի յոթ մոդել՝ միջերկրածովյան դիետան, զարկերակային ճնշումը կարգավորող DASH դիետան, միջերկրածովյան և DASH համակարգերի սկզբունքները համատեղող MIND դիետան, ինչպես նաև սննդի որակի բարձրացմանն ուղղված ևս չորս մոդել։

Հետազոտողները մասնակիցների սննդային սովորությունները համադրել են նրանց մտավոր ունակությունների գնահատականների հետ՝ ներառյալ ընդհանուր մտավոր աշխատունակությունն ու գործադիր ֆունկցիաները (ծրագրման, ուշադրության կենտրոնացման և վարքագծի վերահսկման հմտությունները)։

Մեկ որոշակի ժամանակահատվածի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ միջերկրածովյան դիետային հետևողականորեն հետևելը կապված է ընդհանուր մտավոր գործառույթների ավելի լավ ցուցանիշների հետ։ Գործադիր ֆունկցիաների բարձր մակարդակ է արձանագրվել նաև DASH դիետային և միջերկրածովյան մոդելին նախապատվություն տվողների մոտ։

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում արձանագրված փոփոխություններն ուսումնասիրելիս պատկերն այնքան էլ համոզիչ չի եղել։ Ընդհանուր առմամբ, հետազոտողները կայուն կապ չեն հայտնաբերել ուսումնասիրված դիետաների մեծ մասի և մտավոր ունակությունների անկման դանդաղեցման միջև։ Բացառություն է կազմել MIND դիետան․ ամերիկյան երեք հետազոտական խմբերում դրան հետևելը զուգորդվել է գործադիր ֆունկցիաների առավել դրական ցուցանիշներով։

Հեղինակները շեշտում են, որ մարդկանց միաժամանակյա համեմատության արդյունքում բացահայտված կապը պարտադիր չէ, որ նշանակի, թե հենց սննդակարգն է պատճառ դարձել այդ տարբերությունների համար։ Մտավոր առողջության վրա կարող են ազդել նաև կենսակերպի այլ առանձնահատկություններ և մասնակիցների միջև առկա անհատական տարբերությունները։

Արդյունքները համահունչ են խոշոր ռանդոմիզացված կլինիկական հետազոտության եզրակացություններին, որտեղ MIND դիետային հետևողների և ստուգիչ խմբի մասնակիցների մտավոր ցուցանիշների միջև էական տարբերություններ չեն հայտնաբերվել։

Աշխատանքի համահեղինակներից մեկի՝ Մինեսոտայի համալսարանի ներկայացուցիչ Լին Սթեֆենի խոսքով՝ մտավոր ունակությունների անկումը դանդաղեցնելու համար կարևոր են ինչպես սննդի որակը, այնպես էլ ֆիզիկական ակտիվությունը։

Ամբողջ աշխարհում դեմենցիայով տառապում է շուրջ 57 միլիոն մարդ, և ամեն տարի ախտորոշվում է մոտ 10 միլիոն նոր դեպք։ Հետազոտողները կարծում են, որ առավել ճշգրիտ խորհուրդներ մշակելու համար անհրաժեշտ է անցկացնել հետագա ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան սննդակարգի ազդեցությունն ավելի հստակ տարանջատել ուղեղի ծերացման հետ կապված այլ գործոններից։



© NEWS.am Medicine