12:41 11 հոկտեմբերի, 2026
Ուշ ժամերին սնվելը կարող է կապված լինել լյարդի ճարպային հիվանդության և ցիռոզի զարգացման բարձր ռիսկի հետ։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները, որոնք վերլուծել են գրեթե 200 հազար մարդու տվյալներ, որոնց առողջական վիճակին հետևել են մոտ 16 տարի:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Gastroenterology and Hepatology ամսագրում:
Մասնակիցները, որոնք հայտնել են ընթրիքից կամ նույնիսկ անկողին մտնելուց հետո սնվելու մասին, ունեցել են ոչ ալկոհոլային լյարդի ճարպային հիվանդության զարգացման 36%-ով և ցիռոզի 28%-ով ավելի բարձր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, ովքեր ուշ ժամերին չեն սնվել: Այս կապը պահպանվել է նաև տարիքը, շաքարային դիաբետի առկայությունը, ֆիզիկական ակտիվությունը և մարմնի զանգվածի ցուցիչը հաշվի առնելուց հետո:
«Որոշ հետազոտություններ արդեն մատնանշել են նման հավանականությունը, բայց սա առաջին երկարաժամկետ աշխատանքներից մեկն է, որում ուշ ժամերին սնվելու և լյարդի ճարպային հիվանդության միջև կապը դիտարկվում է ուղղակիորեն», - հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Ռոբերտ Վիլեչանսկին՝ Պորտլենդի Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի լյարդի հիվանդությունների և օրգանների փոխպատվաստման մասնագետ:
Լյարդը կարևորագույն դեր է խաղում սննդանյութերի վերամշակման գործում: Ուշ ժամերին սնվելը կարող է նաև նպաստել քաշի ավելացմանը և ինսուլինի նկատմամբ զգայունության խանգարումներին. գործոններ, որոնք կապված են լյարդի ճարպային հիվանդության զարգացման հետ, որն այսօր անվանում են մետաբոլիկ ասոցացված լյարդի ստեատոտիկ հիվանդություն:
Աշխատանքի հեղինակները կարծում են, որ քնելուց մի քանի ժամ առաջ կալորիաների ընդունման սահմանափակումը կարող է օգտակար լինել լյարդի առողջության համար:
Այժմ հետազոտողները նոր աշխատանքի համար մասնակիցներ են հավաքագրում, որի շրջանակներում մտադիր են անմիջականորեն հետևել սնվելու ռեժիմին և պարզել, թե արդյոք ավելի վաղ սնվելն օգնում է պահպանել լյարդի առողջությունը: